Էսօր կուզեմ խոսամ քաղաքի ամրոցից (Ալեքսանդրապոլ ամրոց(1834֊37թթ.)) ու իրա 3 ֆորտիֆիկացիոն֊ամրաշինական աշտարակներից (1850-ականների վերջ)` հարավային աշտարակ Սեւ ղուլ (ղուլ = աշտարակ), հյուսիսային աշտարակ Կարմիր կամ Կլոր ղուլ եւ արեւմտյան աշտարակը` Պայտաձեւ։ Բայց սկսենք ամենասկզբից։
1804 թ. հունիսին ռուս գեներալ Ցիցիանովի ջոկատներն առաջին անգամ մարտերով մտան Շիրակ և գրավեցին Գյումրին։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսել են հատուկ ուշադրություն դարձնել Գյումրիի ամրացմանը։ 1828 թվականին Թիֆլիսի զինվորական նահանգապետը Անդրկովկասում գլխավոր հրամանատար Իվան Դիբիչին նամակ է հղել, որում գրել է. «Թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի Գյումրիում կառուցել բերդ և այն խիստ ամրացնել՝ որպես կարևորագույն ռազմական հենակետ»։
Ռուսաստանի կայսր Նիկոլայ 1-ինը 1834թ. հունիսի 2-ին արձակեց հրաման նոր ամրոցի նախագծի կազմման վերաբերյալ:
1837թ. ավարտվեց ամրոցի շինարարությունը, նույն թ. հոկտեմբերի 4-ին Ախալցխայի վայրով Գումրի է գալիս Նիկոլայ 1-ին կայսրը: Մասնակցում Սուրբ Մեծ նահատակ թագուհի Ալեքսանդրա Հռոմեացու անունով կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքին: Կայսեր հրամանով ամրոցն անվանվեց Ալեքսանդրապոլ։
«Ալեքսանդրապոլ» ամրոցը հյուսիս-արևելք ձգված համարյա ուղղանկյուն հատակագծով շինություն է և տեղանքի անհարթության պատճառով միայն մի կողմն է ստացել ձևավորություն` պարսպապատ բերդապատերով:
Նորակառույց բերդահամալիրի մեջ մտնում էին զորանոցներ (մինչև 15 հազար զինվորի համար), զինամթերքի, զինհանդերձանքի և պարենամթերքի պահեստներ, եռահարկ քարե ամուր պարիսպներով հիվանդանոց, կոմունալ-տնտեսական նշանակության տարբեր շինություններ` գտնվելով ամրաշին կառուցվածքների մի հզոր համակարգում: Բերդն ուներ վառոդի 36 սենյակ, 200 թնդանոթ, ցորենով ու գարով լցված ամբարներ:
Տեղի հմուտ վարպետների ձեռքով կառուցված բերդն իր փառահեղ դիրքով քաղաքին յուրահատուկ շուք ու հանդիսավորություն էր տալիս: Հանդիսանալով ամրոցաշինության նոր խոսքի դրսևորում` Ալեքսանդրապոլը ուղղակիորեն հնարավոր չէր համեմատել տարածաշրջանի մեկ այլ նմանօրինակ կառույցի հետ, որը իրապես համարվում էր դարի զինվորական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը:
Ղրիմի պատերազմից հետո` 1850-ական թվականների վերջին, «Ալեքսանդրապոլ» բերդի հյուսիսային եւ հարավային կողմերում կառուցվել են առանձին ֆորտիֆիկացիոն֊ամրաշինական աշտարակները` Սեւը, Պայտաձեւն ու Կարմիր աշտարակները։
Սեւ աշտարակն ի սկզբանե ծառայել է որպես զինվորական բանտ, Միայն 1877-1878 թվականների ռուս-թուրքական Բալկանյան պատերազմից հետո Ալեքսանդրապոլի բերդը դարձավ հրետանու պահեստարան։
Ներկա պահին Ալեքսանդրապոլ ամրոցում է գտնվում ռուսական 102֊րդ ռազմաբազան։ Հյուսիսային աշտարակում` կարմիր բերդ, նույնպես ռուսական զինվորական կառույց է։
Մուտք գործել կարելի է միայն հարավային աշտարակ` Սեւ բերդը։