Ինչպիսի սննդակարգն է նվազեցնում մահվան վտանգը
Advertisement 1000 x 90

Ինչպիսի սննդակարգն է նվազեցնում մահվան վտանգը

Ալֆա-լինոլենաթթվով հարուստ սննդակարգը կապված է բոլոր պատճառներից, ներառյալ սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկի նվազեցման հետ: Այսպիսի եզրակացության են եկել Իրանից ժամանած հետազոտողները՝ Կանադայի եւ Նորվեգիայի գործընկերների հետ միասին: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակված են The BMJ-ում:

Ալֆա-լինոլենաթթուն Omega-3 խմբի պոլիհագեցած ճարպաթթու է, որը պարունակվում է ընկույզեղենի, սոյայի եւ բուսական յուղերի մեջ: Նախկինում գիտնականները պարզել էին, որ այս թթվով հարուստ սննդակարգը կապված է սրտի իշեմիկ հիվանդության դեպքում մահվան ավելի ցածր ռիսկի հետ:

Թեհրանի բժշկական համալսարանի գիտնականները, արտասահմանցի գործընկերների հետ միասին, վերլուծել են ալֆա-լինոլենաթթվի եւ մահվան ռիսկի միջեւ կապի 41 հետազոտությունների տվյալները: Ընդհանուր առմամբ, 1991-2021 թվականներին կատարված հետազոտություններին մասնակցել է մոտ 1,2 միլիոն մարդ, որից մահացել է մոտ 200 000-ը:

Վերլուծությունը ցույց է տվել, որ ալֆա-լինոլենաթթվով հարուստ սննդակարգը կապված է բոլոր պատճառներով մահացության ռիսկի 10 տոկոս նվազման հետ: Սրտանոթային հիվանդությունների դեպքում այս ցուցանիշը կազմել է ութ տոկոս, սրտի իշեմիկ հիվանդության դեպքում`11 տոկոս: Սրտանոթային հիվանդություններից մահացության դեպքում գիտնականներին հաջողվել է պարզել «դոզա-արդյունք» հարաբերությունը՝ ալֆա-լինոլենաթթվի օրական ընդունման մեկ գրամով ավելացումը կապված է մահվան ռիսկի հինգ տոկոսով նվազման հետ: Արյան մեջ այս թթվի ավելի բարձր մակարդակները նույնպես կապված են մահվան ավելի ցածր ռիսկի հետ:

Միաժամանակ, նման սննդակարգը փոքր-ինչ մեծացրել է քաղցկեղից մահանալու ռիսկը, սակայն այս կապի հաստատման համար կպահանջվեն հետագա հետազոտություններ, ընդգծում են գիտնականները: Վերլուծության մեջ ներառված ուսումնասիրությունները դիտողական են եղել, հետեւաբար, պատճառահետեւանքային կապ չի հաստատվել աշխատանքի հեղինակների կողմից: Նրանք նաեւ խոստովանել են, որ չի կարելի բացառել բացահայտված արդյունքների վրա այլ գործոնների ազդեցությունը:

med.news.am