Ինչպե՞ս ավելորդ քաշ չհավաքել ցրտերի ժամանակ, երբ մարդկանց մոտ այդ շրջանում ճարպոտ սնունդ ընդունելու հակում է առաջանում։ Այս մասին իր կարծիքն է հայտնել սննդաբան Անտոն Բերդովը (Ռուսաստան)։
Նրա խոսքով՝ քաշը պահպանելու համար պետք է թեթեւակի սնվել ավելի առողջ մթերքներով։
«Ուտելիքի ընտրությանը մոտեցեք գիտակցաբար եւ վնասակար մթերքները փոխարինեք համանման, բայց օգտակար մթերքներով։ Օրինակ, չիփսերը կարելի է փոխարինել հումուսով բանջարեղենի ձողիկներով, հացը՝ հատիկավոր սնեքով, իսկ շոկոլադը՝ մրգերով։ Անհրաժեշտ է նաեւ չմոռանալ կալորիաների վերահսկման մասին եւ նվազեցնել դրանց օգտագործումը սովորական օրական նորմի 10-15 տոկոսի չափով, ընդ որում՝ պահելով 30 տոկոս սպիտակուցներ, 30 տոկոս ճարպեր եւ 40 տոկոս ածխաջրեր հարաբերակցությունը։ Սա հենց այն խորհուրդն է, որը թույլ կտա ձեզ պահպանել քաշը տարվա ցուրտ եղանակին, ինչպես նաեւ լոքդաունի ժամանակ»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է մասնագետը։
Նրա խոսքով՝ ցուրտ եղանակին մարդկանց մոտ նկատելիորեն նվազում է ակտիվությունը, եւ նրանք ավելի քիչ ժամանակ են անցկացնում բաց օդում, ինչի հետեւանքով առաջ է գալիս մեկ անգամ եւս մի բան ծամելու ցանկություն։ Մասնագետի խոսքով՝ օրգանիզմն այդ կերպ փորձում է «տաքացնել» իրեն ներսից՝ արագացնելով մետաբոլիզմը եւ պահպանելով մարմնի սովորական ջերմաստիճանը։ Չնայած մեկ անգամ եւս սնունդ ընդունելու ցանկությանը՝ արժե սահմանափակել այն, այլապես դա կարող է հանգեցնել տխուր հետեւանքների։