Մադոննան շարունակում է ցնցել հանրությանը․ չցանկանալով բաժանվել համաշխարհային սեքս-խորհրդանիշի կարգավիճակից, փոփ-դիվան կրկին ու կրկին երկրպագուներին ցուցադրում է իր մերկ բարեմասնությունները: Երգչուհու յուրաքանչյուր արարք բուռն քննարկվում է սոցցանցերում։ Բայց այս անգամ արտիստուհին, կարծես, անցել է բոլոր սահմանները։ Նոր ու բուռն քննարկումների առիթ է հանդիսացել նրա նոր ֆոտոշարքը։ Մադոննան նկարահանվել է V Magazine ամսագրի համար՝ մահացած Մերիլին Մոնրոյի կերպարում։։
Լուսանկարները վերստեղծել են արտիստուհու ինքնասպանության տեսարանը․ ճմրթված սպիտակեղեն, դեղահաբերի տուփեր, մորթի, ադամանդներ, թափթփված թանկարժեք պայուսակներ։ Հենց այդ տեսքով են 1962 թվականի օգոստոսին քննիչները սեւ-սպիտակ ժապավենի վրա պատկերել հայտնի շիկահերի ննջասենյակը, որտեղ գտել են նրա անշնչացած մարմինը: Ըստ պաշտոնական վարկածի՝ Մերիլինն ինքնասպան է եղել՝ ընդունելով բարբիտուրատների մեծ չափաբաժին։
Հենց այդ տեսարանն էլ փորձել է վերստեղծել Մադոննան։ 63-ամյա երգչուհին նկարահանվել է գրեթե մերկ․ մերկ մարմնին նա կրում է ցանց զուգագուլպաներ, բարձրակրունկներ եւ ատլասե ձեռնոցներ։
Այն բանից հետո, երբ երգչուհին Instagram-ում կիսվել է ֆոտոշարքի կադրերով, նրան դատապարտել են Մերիլինի մահվան մասին շահարկումների համար: Սոցցանցերում զայրույթի փոթորիկ է բարձրացել. Մադոննայի նկարահանումը, որում նա Մոնրոյի դիակն է պատկերում, գռեհիկ եւ անճաշակ են համարել:
«Կոպիտ եւ անտեղի», «Սրտխառնոց է առաջանում։ Սա հիմարություն է», «Տատիկը խելքը լրիվ է թռցրել», «Ինչ-որ մեկդ կանգնեցրեք Մադոննային», – սոցցանցերում գրում են օգտատերերը։