Դենիել Լին հեռանում է Bottega Veneta-յից: Այս մասին հայտնի է դարձել Kering խմբի մամուլի հաղորդագրությունից։ Ինչպես գրում է The Business of Fashion-ը, դա դիզայների եւ լյուքս կոնգլոմերատի «համատեղ որոշումն» էր։
Ապրանքանիշի հետագա ծրագրերի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս։ Բրենդի նոր կրեատիվ տնօրենի անունը դեռ հայտնի չէ։
«Իմ աշխատանքը Bottega Veneta-ում հիանալի փորձ էր։ Ես շնորհակալ եմ բացառիկ թիմի հետ աշխատելու համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, որոնք օգնել են ինձ ստեղծել իմ տեսլականը: Շնորհակալություն Ֆրանսուա-Անրի Պինոյին աջակցության եւ Bottega Veneta-յի պատմության մի մասը դառնալու հնարավորության համար», – որոշումը մեկնաբանել է ինքը՝ դիզայները։
Bain խորհրդատվական ընկերության տվյալներով՝ 2019-ին Bottega Veneta-ի վաճառքներն աճել են 2,2 տոկոսով՝ մինչեւ 1,2 մլրդ եվրո եւ շարունակել են աճել 2020-ին: Kering-ի ղեկավար Ֆրանսուա-Անրի Պինոն շնորհակալություն է հայտնել Դենիել Լիին «բացառիկ տեսլականի» համար, որը «նորաձեւության տան ժառանգությունն արդիական է դարձրել եւ բրենդը վերադարձրել է նորաձեւության բեմի կենտրոն»: Ով կզբաղեցնի Bottega Veneta-ի կրեատիվ տնօրենի աթոռը Լիի հեռանալուց հետո, կհայտարարվի շուտով:
news.am