աջողությամբ նիհարելու համար հարկավոր է շատ ջուր եւ թեյ խմել, հրաժարվել ալկոհոլի շատ օգտագործումից: Այսպիսի խորհուրդ են տվել ամերիկյան սննդաբանները։
Eat This, Not That!-ը հայտնում է, որ սննդաբան Բրենդա Պերալտան սովորական մաքուր ջուրը համարում է նիհարել ցանկացողների հիմնական ըմպելիք:
«Շատ ջուր խմելով՝ դուք ապահովում եք մարմնի բոլոր համակարգերի անխափան աշխատանքը։ Ձեր աղիները ավելի լավ կաշխատեն եւ հագեցածության զգացողությունը ավելի երկար կպահպանվի»,- ասել է մասնագետը։
Կլավդիա Հլիպը կիսում է նրա կարծիքը։ Նրա խոսքով՝ օրգանիզմում բավականաչափ հեղուկի քանակը օգնում է կարգավորել ախորժակը եւ կանխել սովի նոպաները:
Պերալտան նիհարելու համար մեկ այլ կարեւոր ըմպելիք է համարում թեյը։ Նա ասել է, թե կարեւոր չէ ինչպիսի թեյ եք խմում, քանի որ բոլոր տեսակները հակաօքսիդանտներ են պարունակում։ Այնուամենայնիվ, սննդաբանը խորհուրդ է տվել ավելի շատ ուշադրություն դարձնել կանաչ թեյին, քանի որ այն ավելի է արագացնում նյութափոխանակությունը եւ օգնում է ավելի շատ կալորիաներ այրել։
Մասնագետները համարում են, որ դիետայի գլխավոր թշնամիներից մեկը ալկոհոլն է։
«Ալկոհոլային խմիչքները սովորաբար շատ կալորիական են եւ կարող են շատ շաքար պարունակել, որից նիհարողները պետք է առաջին հերթին խուսափեն»,- ասում է սննդաբան Ջեյն Քովինը։
Նա խորհուրդ է տվել օրական խմել ոչ ավելի, քան մեկ գավաթ գինի։ Բայց պետք չէ մոռանալ, որ ալկոհոլից լիովին հրաժարվելը զգալիորեն նվազեցնում է լյարդի, սրտանոթային համակարգի հիվանդությունների եւ նույնիսկ քաղցկեղի որոշ ձեւերի վտանգը:
Եթե, այնուամենայնիվ, խմում եք, ապա Քովինը ոչ մի դեպքում խորհուրդ չի տալիս խմել դատարկ ստամոքսին։
«Դա կարող է հանգեցնել նրան, որ դուք կուտեք շատ ավելին, քան նախատեսում էիք: Ընթրիքի ժամանակ խորհուրդ եմ տալիս ալկոհոլի առաջին չափաբաժինը ուտելուց կես ժամ հետո խմել: Այս դեպքում սնունդը կկլանի ալկոհոլի զգալի մասը, եւ դուք ավելի քիչ կհարբեք»,- ասել է սննդաբանը։
Ջեյն Քովինը նաեւ խորհուրդ է տվել հրաժարվել քաղցր ալկոհոլային կոկտեյլներից, որոնք ոչ միայն դատարկ կալորիաներ, այլեւ շատ ավելորդ շաքար են պարունակում։