Հանգստյան օրերը լավագույն առիթն են լրացնելու այն, ինչ բաց է թողնվում աշխատանքային վազվզոցի ընթացքում. քնել՝ առանց զարթուցիչի, տաք լոգանք ընդունել, նախաճաշել և չմտածել աշխատանքից ուշանալու մասին, ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ… Բայց չմոռանաք ֆիլմերի մասին էլ հիշատակել: Շաբաթն ու կիրակին հանգստյան օրեր չեն առանց լավ ֆիլմի:
Ֆեդերիկո Ֆելինին վստահ էր, որ «Կինոթատրոն գնալը նման է արգանդ վերադառնալուն. դու անշարժ և մեդիտատիվ նստած ես մթության մեջ՝ սպասելով, որ կյանքը հայտնվի էկրանին: Պետք է կինոթատրոն գնալ պտղի անմեղությամբ»:
Մաեստրոն մեծ ցավ կապրեր, տեսնելով, թե ինչպես բոլորիս հայտնի համաճարկը, անունն անգամ չեմ ուզում նշել, փոխեց կինոթատրոն գնալու մշակույթը: Բայց վերջինս կուրախանար, երբ պաստան՝ ձեռքին, Մազինան՝ կողքին, մտներ ձեզնից յուրաքանչյուրի բնակարան և փոքր էկրանին (սա այն դեպքն է, երբ չափսը կարևոր չէ) տեսներ որակյալ կադրեր, գուցե նաև այնպիսիք, որոնք իր կենդանության օրոք չի տեսել:
168.am-ն ուզում է հիացնել Ֆեդերիկոյին. ընկերներ ենք, կարող եմ, չէ՞, անունով դիմել: «Ի՞նչ ֆիլմ դիտել հանգստյան օրերին» շարքի շրջանակներում 168.am-ը յուրաքանչյուր շաբաթ իր ընթերցողին կներկայացնի մեկ ֆիլմ՝ խախտելով սկզբի ու վերջի բոլոր կանոնները, քանզի «Վերջ չկա: Սկիզբ չկա։ Կա միայն կյանքի կիրքը»: Ամեն շաբաթ մեկ որակյալ ֆիլմ՝ Հին Հոլիվուդից մինչև Նոր ալիք ու իտալական նեոռեալիզմ, երևանյան կինոխրոնիկա և ժամանակակից հեղինակային կինո: Պոպկորն էլ կլինի, խոստանում եմ:
Բացումը կանենք մի ֆիլմով, որը Ֆելինին չի տեսել: Իսկ դո՞ւք, տեսե՞լ եք: Հետաքրքիր է՝ արդյո՞ք մաեստրոն կհավաներ այն: Դուք ունեք հնարավորությունը պարզելու:
Ռեժիսոր Մարտին Սկորսեզեի կողմից 2002 թվականին նկարահանված «Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմը, 1846 թվականի Նյու Յորքի, մասնավորապես Մանհեթեն քաղաքի «Հինգ Փողոցներ» շրջանի մասին է, որտեղ արյունոտ ու դաժան պայքար է բնիկների և իռլանդացի կաթոլիկ գաղթականների միջև: Ֆիլմի սյուժետային բախմանը հենց ճակատամարտն է սկիզբ դնում, երբ «բնիկների» ղեկավար Բիլլ «Մսագործ» Քաթինգը (Դենիել Դեյ-Լյուիս) սպանում է իռլանդացիների «Սատկած ճագարներ» ավազակախմբի առաջնորդ քահանա Վալլոնին (Լիամ Նիսոն)՝ նրա որդու ներկայությամբ։ Տարիներ են անցնելու նախքան կհանդիպեն Բիլլ «Մսագործը» և Վալլոնի արդեն հասուն որդին՝ Ամստերդամը (Լեոնարդո ԴիԿապրիո):
Պատրաստվեք ժամեր շարունակ տեսնելու դիտարժան կադրեր, պաշտելու չարագործին և հիանալու երիտասարդ ԴիԿապրիոյի դերասանական խաղով: Ֆիլմի ավարտին չմոռանաք Ֆելինիին հարցնել՝ իրեն ֆիլմը դուր եկա՞վ: