Հայոց ցեղասպանության արտացոլումը Թուրքիայի պատմության դպրոցական դասագրքերում
Advertisement 1000 x 90

Հայոց ցեղասպանության արտացոլումը Թուրքիայի պատմության դպրոցական դասագրքերում

Ելնելով այն համոզմունքից, որ հասարակական կարծիքը ձևավորում են նաև դպրոցներում, ուսումնասիրենք թե ի՞նչ լույսի ներքո է ներկայացվում Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի դպրոցականներին Թուրքիայի պատմության դասագրքերի միջոցով։

Թուրքիայում աշակերտները առաջին անգամ Հայոց ցեղասպանության  (բնականաբար ոչ ցեղասպանություն բնորշմամբ, այլ՝ Հայկական հարց, այն էլ խեղաթյուրված) մասին ծանոթանում են պատմության դասագրքերից։ «Հայկական հարցի» մասին առաջին հիշատակումը հանդիպում է 11-րդ դասարանի թուրքական պատմության դասագրքում  «Բեռլինի վեհաժողովը (1878)» ենթագլխում։ Ներկայացնենք այդ հատվածը․ «1878թԲեռլինի վեհաժողովում քննարկված և պայմանագրի դրույթներում տեղ գտած մեկ այլ առարկա էլ Հայկական հարցն էր․․․ Դարեր շարունակ Օսմանյան կայսրության իշխանությունը ընդունած և մուսուլմանների հետ լավ հարաբերություններ ունեցած հայերի համար, եվրոպական ուժերը սկսեցին մշակել իրենց ծրագրերը․․․»։

Մեկ այլ ենթավերնագրի ներքո, որ վերնագրված է «Հայկական հարցը», մասնավորապես ասվում է․ «Արևմտյան  երկրների կողմից բեմադրված Արևելյան հարցի շրջանակներում առաջացավ Հայկական հարցը։ Հայերը Օսմանյան կայսրությունում երկար տարիներ ապրել են խաղաղության մեջ, պետության մեջ կարևոր պաշտոններ են զբաղեցրել։ Եվրոպական պետությունները, որոնք ցանկանում էին հայերին օգտագործել Օսմանյան կայսրության դեմ, կայսրությունում բացեցին օտարալեզու (փոքրամասնությունների) դպրոցներ։ Արևմտյան ուժերի կողմից այս դպրոցներում փոքրամասնությունների՝ հատկապես հայերի շրջանում սկսվեց տարածվել ազգայնամոլության գաղափարը, որն ուղղված էր Օսմանյան կայսրության դեմ․․․ Եվրոպական տերությունները Օսմանյան կայսրությունը մասնատելու և այնտեղ խամաճիկային պետություններ հիմնելու նպատակով փորձարկեցին բազմաթիվ մեթոդներ։ Այդ մեթոդներից մեկն էլ հայկական կազմակերպությունների միջոցով, ջարդեր իրականացնելով, սադրիչ գործողություններ կազմակերպելն էր։ Մուսուլման թուրքերի մի մասը Անատոլիայի (խմբ․-նկատի ունեն Թուրքիայի արևելյան շրջանները, որի մեջ է մտնում նաև պատմական Հայաստանի մի մասը) տարբեր հատվածներում ստիպված էին լքել իրենց բնակավայրերը հայկական խմբավորումների հարձակումներից պաշտպանվելու համար»։

Այսպիսով, աշակերտների մեջ սերմանվում է այն միտքը, որ  Օսմանյան կայսրության ամբողջ ժամանակահատվածում մուսուլմանների հետ հավասար իրավունքներով և խաղաղ ապրած հայերը հանկած որոշում են ոչ միայն ապստամբել թուրքերի դեմ, այլև վայրագություններ են կատարում իրենց թուրք հարևանների դեմ։ Այս ամենը միայն այն պատճառով, որ արևմտյան պետությունները հայերի մեջ սերմանել էին ազգայնամոլություն և հակաօսմանիզմի գաղափարը։

1894-1896թթ․ համիդյան ջարդերը  և 1909թ․ Ադանայի կոտորածը, որոնց արդյունքում 330000 հայ է կոտորվել, թուրքական պատմության դասագրքում ներկայացվում են «1915թտեղահանության օրենքի ընդունումից առաջ հայերի կատարած ապստամբությունների մասին» ենթագրի ներքո։

«1894թՍասոնի (խմբ․-Սասուն) ապստամբությունը։ Գում Գափուի ցույցերին մասնակցածների մի մասը, 1891թգալով Սասոն, կազմեցին ավազակային խմբեր։ 1894 թՀնչակյան կոմիտեն սկսեց ապստամբությունը։ Ապստամբության ընթացքում բազմաթիվ մուսուլմաններ զոհվեցին»։

«1895թԲաբը Ալիի դեպքը։ 1895թՀնչակյան կոմիտեի կողմից ցույց կազմակերպվեց։ Շուրջ հինգ հազար զինված հայեր, գալով Բաբը Ալի, ցանկանում էին Եվրոպայի ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա։ Ապստամբությունը կարճ ժամանակում ճնշվեց»։

 «Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմ մահափորձի նախաձեռնությունը։ 1905թհուլիսի 21-ին հայերը  սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմ մահափորձ կազմակերպեցին։ Սուլթանը մզկիթից ուշ դուրս գալու շնորհիվ փրկվեց մահափորձից, սակայն բազմաթիվ հայրենակիցներ մահացան»։

«1909թԱդանայի դեպքերը։ 1909թԱդանայում բարձրացված հայկական ապստամբության ժամանակ  հայերը հարձակվեցին ճանապարհների, կայարանների վրա, քաղացիական բնակչության նկատմամբ կոտորած իրականացրին։ Ապստամբությունը կարճ ժամանակահատվածում ճնշվեց»։

Դասագրքի հեղինակները չեն ներկայացնում, թե ինչու՞ էին հայերը ապստամբություններ բարձարցնում, կամ ցույցեր կազմակերպում, կամ ինչու՞ պետք է հայերը քաղացիական բնակչության նկատմամբ իբր կոտորածներ իրականացնեին, նրանք արձանագրում են միայն ապստամություն կամ ցույց կազմակերպելու փաստը, փոխարենը լռելով, թե ինչպես են ճնշվել դրանք, պատճառ դառնալով հազարավոր հայերի կոտորածի։

Այնուհետև դպրոցական դասագրքում խոսվում է ռուսական կողմի հրահրած հայկական «ապստամբություններից» և երիտթուրքական կառավարության ձեռնարկած տեղահանության օրենքից։

«Հայկական հարցը, ապստամբությունների տարբեր փուլերից հետո, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նոր բնույթ ստացավ։ Անտանտի երկրները, (Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը) պատերազմ սկսելու համար հայերին օգտագործելով, որոշեցին թուրքերին մեջքից հարվածել։ Հայկական ապստամբությունները սպառնում էին թուրքական պետության գոյությանը»։ Այսպիսով, հեղինակները, աշակերտների մոտ սերմանելով թշնամանք հայերի հանդեպ, ցանկանում էին տեղահանության մասին օրենքը արդարացնել՝ ենթատակում որպես արդարացում նշելով, որ Հայկական հարցի գոյությունը սպառնում էր թուրքական պետության գոյությանը։

«Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ռուսական ցարն ասաց հայերին, որ ժամանակն է, որ հայերը պայքարեն Օսմանյան կայսրության դեմ: Հայերը ապստամբություն սկսեցին Վանում և Սասոնում: Սասոնում կոտորվել են պետական ծառայողներ և ոստիկաններ։ Վանում հայերը հարձակվում էին կայարանների և թուրքական տների վրա։ Հայկական ապստամբությունները սպառնում էին երկրի անվտանգությանը: Այս իրավիճակում 1915թմայիսի 27-ին ընդունվեց  տեղահանության մասին օրենքը»։

Դասագրքում այնուհետև ներկայացվում է թուրքական կառավարության «մարդասիրական» վերաբերմունքը՝ թուրքական պետության գոյությանն ու անվտանգությանը «սպառնացող» հայերի նկատմամբ․ «Վանի, Բիթլիսի և Էրզրումի շրջաններում ապստամբություն բարձրացրած հայերը ենթարկվել են հարկադիր արտագաղթի` Հալեպ և Սիրիայի որոշ շրջաններ։ Տեղահանության մասին օրենքում խստորեն նշվում էր տեղահանված հայերի կյանքի և ունեցվածքի անվտանգությունն ապահովելու, նրանց ճանապարհորդությունը հեշտ դարձնելու, և ուղարկվող վայրերում տեղավորելու հատուկ հոգածության մասին։ Հարկադիր տեղահանումը չէր վերաբերում բոլոր հայերին։»

«Հարկադրված տեղահանման ընթացքում որոշ շրջաններում հայերի զինված դիմադրության պատճառով տեղի ունեցան միջադեպեր, ճանապարհին խռովությունների և հիվանդությունների պատճառով կորուստներ եղան։ Եվրոպայում հարկադիր տեղահանմանը տալով ցեղասպանություն անունը՝ արևմտյան ԶԼՄ-ները փորձեցին հակաթուրքական քարոզչություն իրականացնել»։

Վերը նշված ենթավերնագրերին անդրադառնալու հիմնական նպատակներից մեկն այն է, որ ծանոթանանք, թե ի՞նչ ձևով է ներկայացվում Հայոց ցեղասպանության փաստը թուրք երիտասարդներին։ Պարզ է դառնում, որ նույնիսկ, եթե թուրք ուսուցիչները փորձեն կանխել այլատացությունը,  թուրքական պատմության դասագիրքն անում է իր գործը՝ հայերի նկատմամբ ատելություն սերմանելով։

strela.am