Սեռական կյանքի թեման դեռ տաբու է մեր հասարակությունում, հատկապես՝ կանանց պարագայում, սակայն երբեմն ինտիմ խնդիրների մասին բարձրաձայնելը կարող է էական նշանակություն ունենալ հետագայում առողջական խնդիրների կանխարգելման տեսանկյունից:
Եվ այսպես, ներկայացնում ենք սեռական հարաբերությունների վերաբերյալ հինգ հարց, որոնք կանայք ամաչում են տալ իրենց բժիշկներին:
Հարց 1. Սեռական հարաբերության ընթացքում իմ հեշտոցը չի խոնավանում, դա նորմա՞լ է:
Պատասխան. Հեշտոցի չորությունը սեքսն անհարմարավետ է դարձնում: Այն կարող է ցավեր առաջացնել՝ ստիպելով Ձեզ հրաժարվել սեռական հարաբերություններից:
Իհարկե, սեռական հարաբերության ժամանակ հեշտոցին լրացուցիչ խոնավություն հաղորդել կարելի է լուբրիկանտների միջոցով, որոնք վաճառվում են դեղատներում, սակայն հեշտոցի քրոնիկ չորության դեպքում պետք է դիմել բժիշկի եւ անցնել հետազոտություն:
Հարց 2. Արդյոք նորմա՞լ է, երբ սեռական հարաբերության ժամանակ հեշտոցից արյուն է հոսում:
Պատասխան. Ոչ, նորմալ չէ եւ դա կարող է խոսել առողջական խնդիրների մասին՝ ցերվիցիտ (արգանդի վզիկի ինֆեկցիոն ախտահարում), ցերվիկալ պոլիպ կամ ցերվիկալ քաղցկեղ: Եթե Ձեր դաշտանն ավարտվել է, բայց, միեւնույն է, հաջորդող օրերին սեքսի ընթացքում արյուն եք նկատում, անպայման դիմեք բժիշկի:
Հարց 3. Ես օրգազմ չեմ ապրում սեքսի ժամանակ, արդյո՞ք ինձ մոտ ինչ-որ բան այն չէ:
Պատասխան. Հանգիստ եղեք, կանանց բնորոշ է սեքսի ժամանակ օրգազմ չապրելը: Առանց ծլիկի ակտիվ խթանման շատ կանայք չեն հասնում օրգազմի: Անհրաժեշտ է խոսել զուգընկերոջ հետ, որպեսզի սեռական քնքշանքների ժամանակ նա ուշադրություն դարձնի նաեւ Ձեր ծլիկին:
Հարց 4. Հղիության ընթացքում կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ եւ ի՞նչ հաճախականությամբ:
Պատասխան. Սեռական կյանքով կարելի է ապրել, հատկապես՝ հղիության առաջին եռամսյակում, երբ կնոջ արգանդը դեռ մեծ չէ: Սակայն պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք՝ եթե չկա արգանդի լարվածություն, վիժման սպառնալիք, եթե կինը չի ունեցել արյունային արտադրություն, եթե առողջական գանգատներ չունի, ապա սեռական հարաբերություններ ունենալ կարելի է այնքան, քանի դեռ կնոջ փորիկը դիսկոմֆորտ չի ստեղծում: Միայն հղիության վերջին շաբաթներին ցանկալի չէ:
Հարց 5. Իմ հեշտոցից հոտ է գալիս, ինչպե՞ս ազատվել դրանից:
Պատասխան. Հեշտոցում հոտի առկայությունը միանգամայն նորմալ երեւույթ է: Հեշտոցն ինքնամաքրվող օրգան է, եւ երբ Դուք ամեն օր այն մանրակրկիտ լվանում եք, ապա խախտում եք դրա թթվային հավասարակշռությունը, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում բակտերիաների բազմացման համար: Էլ չենք նշում, որ ինտիմ հիգիենայի համար նախատեսված միջոցները բուրավետ նյութեր են պարունակում, որոնք կարող են ալերգիաներ առաջացնել: Ցանկալի է հեշտոցը լվանալ սովորական ջրով՝ առանց օճառի, եւ միայն արտաքին սեռական օրգանների հատվածում:
Երբեմն հեշտոցից կարող է սովորականից ավելի վատ հոտ գալ, եւ եթե դա ուղեկցվում է նաեւ հեշտոցից արտադրությամբ, ապա պետք է դիմել բժիշկի: