Ասում են՝ բոլոր լրագրողները երազում են մի օր գիրք գրել: Եվ ճիշտ են ասում: Այդ լրագրողներից է եղել նաև փոքր հասակից բանաստեղծություններ և պատմվածքներ հեղինակող Իրինան, ում, երկար տարիներ մասնագիտությամբ աշխատելուց հետո ստեղծագործելու ցանկությունը տանում է բոլորովին այլ ոլորտ: Ասում է՝ լրագրողի աշխատանքից կտրուկ անցում կատարելուց չի վախեցել անգամ մեկ վայրկյան: Ներքին ձայնը հուշել է՝ ամեն ինչ ստացվելու է: 168.am-ի զրույցում ARIMA բրենդի և բուտիկի հիմնադիր Իրինա Այվազյանը նշեց՝ այնքան էր ցանկանում ստեղծագրոծել, որ այլևս չէի կարողանում ուրիշ բանի մասին մտածել:
Սոցիալական ցանցերում, մասնավորապես, Ինստագրամում հավանաբար հանդիպել եք իրենց նրբագեղությամբ և էսթետիկությամբ տարբերվող ARIMA բրենդի ներքնազգեստներին: Թե ինչպես է Իրինան մտահղացել բրենդի ստեղծումը, ինչպես է հաղթահարել Քովիդ-ի առաջացրած դժվարությունները և ինչպիսի հարաբերություններ է ձևավորել իր և հաճաոխրդների միջև, ներկայացնում ենք ստորև:
Ստեղծագործական սկիզբ
«Ցանկանում էի ստեղծագործական աշխատանքով զբաղվել: Ապակիներով խճանկարներ էի պատրաստում, քարերով կոմպոզիցիաներ էի հավաքում: Փնտրտուքների մեջ էի: Վերջը կանգնեցի ներքնազգեստի վրա: Ինձ շատ դուր եկավ այստեսակ ներքնազգեստների նրբությունը: Որոշեցի շատ պրոֆեսոնալ զբաղվել: Կարելու հետ որևէ առնչություն չեմ ունեցել: Միշտ բոլորին ասում եմ՝ ես կոճակ կարել չեմ իմացել: Բայց այնքան շատ էր ցանկությունը, որ գնացի, սովորեցի կարել: Ինձ օգնեցին օնլայն կուրսերը, արտասահմանում դասընթացների մասնակցեցի: Դա առաջին փուլն էր: Որոշեցի սովորածս բիզնեսի վերածել, որոշեցի, որ անկյուն պետք է ունենամ: Շատ լուրջ էի տրամադրված, ներքին վստահություն կար. այդ մտքից չէի վախենում: Ես բոլորովին այլ ոլորտում էի աշխատել, հիմա ամբողջությամբ փոխում էի ոլորտս, բայց ներքին էներգիա կար, որն ինձ վճռական էր դարձնում: Ասում էի՝ կստացվի»:
ARIMA-ն բացվեց, երբ մյուս խանութները փակվում էին
«Ընտանիքս ինձ օգնեց, վարձակալությամբ տարածք գտանք, գեղեցիկ վերանորոգեցինք և սկսվեց Քովիդ-ը: 2020թ. մարտին արդեն պատրաստ էր բուտիկը, բայց Քովիդ-ի պատճառով հետաձգվեց բացումը: Սկսեցի օնլայն աշխատել, փորձեցի ուժերս՝ հասկանալու համար՝ ինչպես է շուկան տրամադրված, ինչ ակնկալիքներ ունի:
Շատ ակտիվ էին, մեծ վստահությամբ պատվիրում էին, ես էլ ձգտում էի լավագույնն անել, որպեսզի յուրաքանչյուրն իր պատվերից բավարարված լինի: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ:
Բացեցինք խանութը: Շատ հաճելի էր ընդհանուր մոտեցումը, արձագանքը շատ դրական էր: Իհարկե, բացելուց բոլորը զարմանում էին, ասում էին՝ մեծ ռիսկի եք գնացել. այդ ժամանակ շատ խանութներ փակվում էին, ես բացում արեցի: Իմ մոտ ներքին համոզմունք կար, որ կստացվի:
Բացումից որոշ ժամանակ անց պատերազմն սկսվեց: Բնականաբար չէր կարող չանդրադառնալ աշխատանքի վրա: Բոլորս ընկճված էինք: Կամաց-կամաց վերադարձանք աշխատանքին, որովհետև հասկանում էինք՝ ոչինչ չանելով դրական առաքելություն չես իրականանցի: Բացի այդ, պատերազմից հետո հետաքրքրությունը հայկականի նկատմամբ ավելի մեծացավ: Կանայք համոզվեցին, որ հայկականը նույնպես կարող է լինել շատ հարմարավետ և գեղեցիկ»:
Ավելին, քան ներքնազգեստ
«Ինձ համար ամենակարևորը հաճախորդի հետ կապն է: Ես իմ աշխատանքը չեմ դիտարկում որպես վաճառք՝ ես վաճառում եմ, նրանք գնում եմ: Իմ և հաճախորդների միջև ձևավորվել են ջերմ ու վստահելի հարաբերություններ, ինչն ինձ համար առաջնային է: Փորձում եմ անել լավագույնը՝ անհատական մոտեցում ցուցադրելու համար: Շատ շատերն ինձ հետ իրենց անձնական հարցերն են կիսում: Ես գիտեմ՝ այս մեկը շուտով նշանվելու է, մեկն ամուսնանալու է, երրորդը բալիկի է սպասում: Եվ այս մոտեցումը շատ պարտավորեցնող է: Ես դառնում եմ հաճախորդներիս սիրո պատմությունների մասնիկը: Այդ ջերմությունն այլ էներգիա է տալիս: Իրենք մտածում են քո մասին, ուշադիր են, որովհետև դու ես իրենց նկատմամբ ուշադիր և հոգատար»:
Անհատական մոտեցում յուրաքանչյուրին
«Անյպիսի մոտեցում եմ ցուցաբերում, որ անկախ մարմնի ձևից, կազմվածքից, տարիքից, ինձ մոտ եկած ցանկացած կին ինքն իրեն լավ զգա: Ընտրում ենք ճիշտ մոդել, ճիշտ ձևվածք, ճիշտ կտոր և անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուրի նկատմամբ: Ինձ համար ամենակարևորն է, որ ոչ մի աղջիկ, ոչ մի կին, որ եկել է մեզ մոտ, չլինի դժգոհ, ինքն իրեն լավ զգա, սպասելիքները իրականանան:
Կան կանայք, որ գալիս են խանութ՝ ինստգրամյան էջում որևէ մոդել տեսնելուց հետո և ցանկանում են անպայման այն ձեռք բերել: Բայց ներքնազգեստ ընտրելիս շատ կարևոր է կազմվածքը: Մենք զրուցում ենք, տարբերակներ ենք առաջարկում: Կան մարդիկ, ովքեր առանց փորձելու գնում են ներքնազգեստը: Մենք պնդում ենք, որ անպայման փորձեն. ներքնազգեստը զգեստ չէ, այն նրբություններ ունի և գուցե հագնելուց հետո մտքում եղած պատկերն իրականությանը չհամապատասխանի: Մենք այնքան ենք տարբերակներ առաջարկում, մինչև կինը գտնի իրեն համապատասխանողը: Ու երբ տվյալ կինը գտնում է իրենը և գոհ նայում է հայելու մեջ, հասկանում եմ, որ իմ առաքելությունը կատարված է»:
Էսթետիզմը՝ առաջնային
«Շեշտը դրվում է գեղեցկության, էսթետիկության վրա: Ինձ համար արձագանքը շատ կարևոր է: Հաճախ հարցումներ եմ անում. անհրաժեշտ է հասկանալ հաճախորդներիս մոտեցումը, կարծիքը: Ի վերջո, այս ամենը նրանց համար է արվում»:
Բոլոր մարմինները սեքսուալ են. կոտրելով կարծրատիպերը
«Հաճախորդներիցս մեկն ինձ անվանում է իր բարի փերին: Առաջին անգամ, երբ եկավ խանութ, աքսեսուար էր փնտրում: Խոսակցության ընթացքում ասացի, որ թմբլիկների համար էլ ենք կարում: Կարեցինք նրա համար շատ գեղեցիկ ներքնազգեստ, ինչից հետո իրենից շատ հուզիչ նամակ ստացա, որում ասվում էր՝ «Դուք իմ ինքնավստահությունն այնքան բարձրացրիք: Ես այլ կերպ էի մտածում իմ մասին, հիմա՝ այլ կերպ՝ Ձեր այդ մի խոսքի շնորհիվ, որ «թմբլիկների համար էլ ենք կարում»»: Այդ խոսքերն ինձ համար ամեն ինչ արժեն:
Իմ հաճախորդները Փոքրիկ իշխանի վարդի նման են. ես իրենց համար պատասխանատվություն եմ կրում:
Աղջիկները շատ զգայուն են իրենց մարմնի նկատմամբ: Իմ առաքելությունն է կոտրել կարծրատիպերը, և երբ ստացվում է դա անել, աշխատանքս հաջողված եմ համարում: Աղջիկներ կան՝ ասում են՝ երբեք չէինք մտածի, որ փոքր կուրծքը կարող է գեղեցիկ և սեքսուալ լինել, Ձեր մոտեցուցմից հետո մենք հասկացանք՝ այո, փոքրն էլ է սեքսուալ:
Նոր տեսականի՝ շատ շուտով
«Ես փորձել եմ ստեղծել մի աշխարհ, որը չի սահմանափակվում ներքանզգեստ կարել-վաճառելով: Մեզ մոտ ուրիշ ձև են հիմքերը դրված, և շատ ուրախ եմ, որ ով գալիս է բուտիկ, հենց այդպես էլ տրամադրված է: Եթե ինձ համար վաճառելը կարևոր լիներ, այլ բանով կզբաղվեի. ներքնազգեստ կարելը մեծ ջանք ու հոգածություն է պահանջում:
Ուզում եմ ընդլայնվել: Ուզում եմ այլ տեսականի ունենալ՝ գիշերազգեստներ, խալաթներ, լողազգեստներ, կորսետներ: Այս տարի ադ ուղղություններով ենք աշխատում»:
Հեղինակ՝ Անի Գաբուզյան
Իրինա Այվազյանի լուսանկարը՝ Էմին Արիստակեսյանի
Ներքնազգեստների լուսանկարները՝ ARIMA-ի ինստագրամյան էջից