Հոլիվուդն իր գլուխը վստահում էր մեր հայրենակից Ջոն Սահակին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հոլիվուդն իր գլուխը վստահում էր մեր հայրենակից Ջոն Սահակին

«Մազերի խենթ պրոֆեսոր» կամ «մկրատներով Միքելանջելո»: Այսպես էր անվանում Հոլիվուդը հայտնի վարսահարդար Ջոն Սահակին, ով երկու տասնամյակ շարունակ տարաբնույթ էքսպերիմենտներ էր անում համաշխարհային շոու-բիզնեսի աստղերի գլուխներին՝ բառիս բուն իմաստով: Էքսցենտրիկ այս կերպարը, ով 100 տոկոսանոց հայ է թե՛ մայրական, թե՛ հայրական կողմից, մահացավ երկու տարի առաջ՝ 53 տարեկան հասակում: Մահվան պատճառը թոքերի քաղցկեղն էր։ «Նա այդպես էլ չթողեց ծխելը»,- Ջ.Սահակի մահից հետո ասում էին նրա ընկերները:

Հոլիվուդը սգաց նրա մահը, քանզի Ջոն Սահակը չափազանց տաղանդավոր էր, յուրօրինակ, բարի, հոգատար ու սարսափելի աշխատասեր: Մի ամբողջ աստղաբույլ վստահել է իր գլուխն այս հանճարին: Նրանց թվում են Վայնոնա Ռայդերը, Լիվ Թայլերն ու իր հայրը, Ջենիֆեր Էնիսթոնը, Քրիստինա Ագիլերան, Ումա Թուրմանը, Բրեդ Փիթը, Սառա Ջեսիքա Փարքերը, Կորտնի Կոքսը, Դրյու Բերիմորը, Սանդրա Բալոկը, Քեմերոն Դիասը, Գվինեթ Փելթրոուն, Բրուկ Շիլդսը և այլք։ «Սանրվածքը պետք է լինի կենդանի: Այն պետք է փոխանցի մարդու տրամադրությունը: Կտրվածքի ձևից կարելի է հասկանալ մարդու էությունը»,- սրանք Ջոն Սահակի խոսքերն են:

Հանրահայտ վարսահարդար դառնալու համար նա երկար ճանապարհ է անցել. Բեյրութից՝ Սիդնեյ, Սիդնեյից՝ Փարիզ, Փարիզից՝ Նյու Յորք, հետո էլ՝ Հոլիվուդ: Ջոն Սահակը ծնվել է Բեյրութում՝ Ժամկոչյանների ընտանիքում։ Նրա իսկական անունը Սահակ Ժամկոչյան էր: Նրա ծնողները՝ Ատոմը և Խաթումը, Սահակից բացի, ունեցել են ևս չորս երեխա՝ Մարին, Հովհաննեսը, Անդրեն և Ժակը: Պեղումների ընթացքում ոչինչ հնարավոր չեղավ պարզել նրանց մասին: Սակայն պարզ էր մի բան, Սահակը երբեք չի հերքել և չի հրաժարվել իր հայկական արմատներից, ավելին՝ նա գրեթե միշտ օգտվում էր հայկական խոհանոցից: «Ինչքան լավ ժամանակ էինք անցկացնում Սահակենց տանը: Ես կարոտով եմ հիշում այն օրերը, երբ Սահակի ամբողջ ընտանիքի հետ մի մեծ հայկական ճաշ էինք անում»,- Սահակի մահից հետո ամերիկյան թերթերից մեկին պատմել է դերասանուհի Բրուկ Շիլդսը, ում ճանաչում ենք նաև որպես հայազգի թենիսիստ Անդրե Աղասիի նախկին կին:

JohnSahag

Վերադառնալով Սահակի մանկությանն ու հանրահայտ դառնալու պատմությանը՝ նշենք, որ վարսավիրանոցների հետ նրա կապն առաջացել է դեռևս իր ծննդավայր Բեյրութում. փոքրիկ Սահակն այս քաղաքի վարսավիրանոցներից մեկում հավաքարար էր աշխատում: Երբ 1950-ականներին Լիբանանում քաղաքացիական պատերազմ սկսվեց, Ժամկոչյանների ընտանիքը մեկնեց Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյ: Այստեղ էլ Սահակը մինչև 14 տարեկանը հավաքարարություն էր անում՝ կրկին վարսավիրանոցում: Հենց այս միջավայրում էլ Սահակը որոշեց սովորել վարսավիրական արհեստը, որը նա տարիներ անց վերածեց արվեստի: Վարսավիրանոցների հավաքարարի տարիների փորձն իզուր չէր անցել և Սահակը հեշտությամբ մտավ այս նոր աշխատանքի մեջ: 1970-ականների սկզբներին, դեռ պատանի Սահակը որոշեց մեկնել Փարիզ՝ արկածներ որոնելու և նորաձևության մայրաքաղաքում վարսավիրության մեջ ավելի հմտանալու համար: Մի անգամ ինչ-որ մի ֆրանսիական վարսավիրանոցում պատահական հաճախորդը նստեց հենց Սահակի բազկաթոռին: Սահակի աշխատանքը շատ դուր եկավ այս հաճախորդին: Ինչպես հետո պարզվեց, հաճախորդը «L’Orieal» կոսմետիկական հայտնի ցանցի մարքեթինգի տնօրենն էր, ով հետագայում դառնալու էր Ջոն Սահակի հաջողությունների ուղեկիցը: Սահակի աշխատանքային առաջին լուրջ ֆիրման եղավ «L’Orieal»-ը, որից հետո աշխատանքների տեղատարափ սկսվեց:
Նա իսկական հեղափոխություն մտցրեց վարսահարդարման գործում՝ առաջարկելով մազերի հարդարման, գունավորման և կտրման լրիվ նոր եղանակներ: Ամենամեծ նորությունն այն էր, որ Ջոն Սահակը որոշեց մազերը կտրել չոր եղանակով, այսինքն՝ առանց դրանք նախապես թրջելու: Նա իր «թռչող մկրատներով» դարձավ մազերի անհավասար շերտերով սանրվածքի հեղինակն, ինչն այսօր շատ մոդայիկ է ամբողջ աշխարհում: Այդ պատճառով շատ պրոֆեսիոնալներ են կարծում, որ Սահակը պարզապես վարսահարդար չէր, այլ՝ նորարար արվեստագետ: «Նա քանդակում է մազերը»,- գրում էին թերթերը նրա մասին:

1990թ., երբ էկրան բարձրացավ «Ուրվականը» կինոնկարը՝ Դեմի Մուրի և Պատրիկ Սուեյզիի մասնակցությամբ, հանդիսատեսին ապշեցրեց Դեմի Մուրի գեղեցկությունը, որը մատուցված էր նորովի: Դերասանուհու դիմագծերը հրաշալի էին, սակայն մինչ այդ դրանք չէին նկատվում երկար մազերի պատճառով: Դեմի Մուրի «տղայական», շատ կարճ ու համարձակ կտրվածքի հեղինակը մեր հայրենակից Ջոն Սահակն էր, ով նոր իմիջ առաջարկեց կանանց՝ ավելի արտահայտիչ երևալու համար:

«Յուրաքանչյուր մարդ աստղ է»,- ասում էր Ջ. Սահակը՝ համոզված լինելով, որ ամենահասարակ մարդուց էլ կարելի է սարքել հրաշք: Սա Ջ. Սահակի եզակի քաջություններից չէր, դեռ 1970-ականներին նա ավելի շոկային իրավիճակ ստեղծեց տրադիցիոն մտածելակերպով մարդկանց համար: «Vogue» ամսագիրը նրան էր վստահել հերթական շապիկի նկարը, որտեղ պետք է պատկերված լիներ այդ տարիների բավական հայտնի մանեկենուհի Շոն Քեսին: Սահակը գրեթե սափրեց աղջկա գեղեցիկ մուգ մազերը և ներկեց դրանք ոսկեգույնով: Դժվարամարս այս նորությունն այսօր դարձել է շատ տարածված նորաձևություն, և նույնիսկ Հայաստանում սևահեր աղջիկներն են սկսել «դեղնել»՝ չհամարձակվելով, սակայն, առայժմ խուզել գլուխները:

Sahag86L.IvyPhotoNYMagCol1

Կաշվե տաբատով, գզգզված մազերով մեր հայրենակցին նաև «Վարսահարդարման ռոքի արքա» պիտակն էին կպցրել, նույնիսկ կատակով նրան «Մազերի Միք Ջագեր» էին անվանում: 1985թ. Սահակը Նյու Յորքում հիմնեց «The John Sahag Workshop»-ը: Վարսահարդարությունից բացի, նա սկսեց նաև ստեղծել մազերի հարդարման կոսմետիկաներ՝ շամպուններ, գելեր, մուսեր և այլ պարագաներ, որոնք այսօր էլ մեծ պահանջարկ ունեցող արտադրանք են և վաճառվում են բավական թանկ գներով: Ջոն Սահակի գեղեցկության սրահն այսօր էլ՝ նրա մահից հետո, շարունակում է գործել: Կենդանության օրոք Ջոն Սահակի մոտ մազ հարդարելը սկսվում էր 300 դոլարից: Այսօր Ջոն Սահակի գեղեցկության սրահը շարունակում է մնալ ԱՄՆ-ի թանկարժեք գեղեցկության սրահներից մեկը: Այստեղ աշխատում են նրա աշակերտները, ովքեր Ջոն Սահակի հիշատակը պահում են՝ վերջինիս վարպետությունը հաճախորդներին փոխանցելով: Այստեղ հաճախում են բարձրաշխարհիկ տիկնայք և պարոնայք, ինչպես նաև՝ հոլիվուդյան աստղերը:

Զուտ որպես լրացուցիչ ինֆորմացիա, ավելացնենք, որ մազերի չոր կտրումը The «John Sahag Workshop» սրահում տատանվում է 150-225 դոլարի սահմաններում, ներկումը՝ 125 դոլար և ավելի է, մազերի երկարացման մինիմալ արժեքը՝ 250 դոլարից սկսած:

Անուշ Մկրտչյան

«3 Միլիոն»