Նրանք, ովքեր դեռ չեն գտել իրենց կողակցին, հաճախ են մտածում՝ ո՞վ է լինելու այդ միակը, ե՞րբ է հայտվելու: Իսկ երբևէ մտածե՞լ եք՝ որտեղ եք հանդիպելու Ձեր կյանքի սիրուն: Տարբերակները շատ են: Փաբն էլ մեր օրերում ամենատարածված պատասխաններից մեկն է, թերևս, աշխատավայրից և ցույցերից հետո: Փաբերում շատ ընտանիքներ են ստեղծվել, նրանցից էլ մեկը սիրով համաձայնեց կիսվել իր պատմությամբ՝ դառնալով 168.am-ի «Ժամանակակից սեր» շարքի հերոսները: Վերջիններիս խնդրանքով չենք հրապարակում նրանց անունները և լուսանկարները:
«Ես և ընկերներս սիրում ենք գարեջուր, ռոք երաժշտություն և հանգստյան օրերին հաճախ Beatles փաբ ենք այցելում: Լիցքաթափվում ենք, վայելում ենք որակյալ երաժշտություն, ամփոփոխմ ենք անցնող շաբաթը: Հերթական հանգստյան օրը, որը տարիներ առաջ էր, համընկավ Մարտի 8-ի հետ. ընկերուհուս հետ կրկին փաբում էինք: Այնքան մարդ կար, որ ծանոթ, անծանոթ միմյանց կողք էին նստել. սեղանները չէին բավարարում: Մեր սեղանին էլ երկու ընկեր միացան: Ծանոթացանք, միասին «Գինես» խմեցինք, մինչ ուշ գիշեր զրուցեցինք, հետո տղաները ինձ և ընկերուհուս տուն ճանապարհեցին. երկուսս էլ փաբին մոտ ենք ապրում: Վերջում տղաներից մեկի հետ հեռախոսահամարներով փոխանակվեցինք, պայմանավորվեցինք կրկին չորսով հանդիպել: Հանդիպեցինք, բայց երկուսով: Հանդիպումները իրար էին հաջորդում այնքան, մինչև որոշեցինք այլևս չհանդիպել, ուղղակի ապրել միասին: Որոշեցինք ու նույն որը որոշումն իրագործեցինք»:
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան