ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիայում մշակվել և ներդրվել է լյարդի տոքսիկ ցիռոզի առաջացման մոդելի և նշված ախտաբանության փորձարարական դինամիկ ուսումնասիրությունների նոր եղանակ։ Այս և գիտական այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Լիլիթ Արշակյանի հետ:
– Լիլիթ, սովորել եք Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի բաժնում: Ինչ խոսք, բարդ և հետաքրքիր մասնագիտություն է, սակայն քչերն են հետաքրքրված: Ձեր դեպքում ո՞վ կամ ի՞նչն է նպաստել, որպեսզի ընտրեք այս մասնագիտությունը:
– Դպրոցում բոլոր առարկաներն էլ սիրել եմ, սակայն առավել հետաքրքրված էի բնագիտական առարկաներով: Ի սկզբանե ուզում էի ընտրել դեղագետի մասնագիտությունը, քանի որ մեր հարազատական կապերը սերտ են եղել, առանձնակի ուշադրության կենտրոնում էր մորաքույրս, ում մարդկային, իմացության ու մասնագիտական նվիրումը ակնառու էր, որով էլ տարված՝ ուզում էի դեղագետ դառնալ: Սակայն, երբ հերթը հասավ մասնագիտության ընտրությանը, ներքին ձայնս ստիպեց ընտրել կենսաքիմիան, քանի որ ընտանեկան դաստիարակությունս այնպիսին էր, որ սիրում էի իմ երկիրը, և հետաքրքրում էր մարդն իր ամբողջականությամբ և նրա շփումն արտաքին աշխարհի հետ: Ուստի ուզում էի գտնել դրա լուծումը գիտականությամբ: Ես չեմ ափսոսում իմ քայլի համար, քանի որ սա այն աշխարհն է, որն ունի բոլոր հարցերիդ պատասխանը:
– Երիտասարդների կողմից մասնագիտությամբ չհետաքրքրվելու պատճառը, ըստ Ձեզ, ո՞րն է. բնագիտական առարկաների վատ դասավանդո՞ւմը դպրոցում, որը սեր չի առաջացնում, թե՞ ցածր աշխատավարձը, աշխատաշուկայի բացակայությունը:
– Ինչ խոսք, բնագիտական առարկաների դասավանդումը՝ իր բարդություններով հանդերձ, չափազանց հետաքրքիր է: Բոլոր մասնագետներն էլ ուզում են լավ ներկայացնել, ինչքանով է ստացվում կամ ոչ՝ կախված է նաև անձնական նպատակներից: Դա վիճելի հարց է: Մասնագիտության ընտրությունը հաճախ լինում է ժամանակի թելադրանքով: Թեպետ միշտ էլ կան մարդիկ, ովքեր ունեն նախասիրություններ, նվիրված են հանրային պահանջներին և ուզում են պիտանի լինել մարդկությանը:
Ինքս, ունենալով տարիների դասավանդման փորձ, կարող եմ փաստել, որ երբեմն լավ սովորող ուսանողն ավարտելով համալսարանը՝ ծրագրավորում է սովորում, որն ապահովում է արագ շրջանառություն: Գիտական հաջողությունների հաճույքը վայելելու համար անհրաժեշտ է երիտասարդ գիտնականին նպատակ և համբերություն, ինչը կարող է երկար տարիներ պահանջել: Միջոցներ կգտնվեն երիտասարդ գիտնականին շահագրգռելու, եթե նա ունի նոր առաջարկ, նոր գիտական միտք՝ մինչև որոշակի գիտական կոչման հասնելը:
– Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ գիտությունը սիրում է համագործակցություն ու համակարգված աշխատանք, և այդ շղթայի մեջ գիտնականն իր դերը պետք է ունենա, պետությունը՝ իր, գիտնականն իրեն պետք է պաշտպանված զգա: Այսօր Հայաստանում գիտական աշխատողները պարզապես էնտուզիաստներ են: Վերջերս բարձրացվեց գիտնականի աշխատավարձը: Սա արդյո՞ք գիտնականին պաշտպանելու միջոց է:
– Ինչ խոսք, վերջին շրջանում գիտաշխատողների և գիտնականների հանդեպ հետաքրքրությունը շատացել է, որտեղ կարևոր են նաև լուսաբանումները: Պաշտպանվածությունը աշխատավարձի բարձրացումը չէ միայն:
Այո՛, աշխատավարձերի բարձրացումն ընդունվել է, սակայն դա արվել է որոշակի կարգաբանությամբ: Այսօրվա գիտաշխատողը վաղվա գիտնականն է, ում ապահովագրությունը պետք է սկսել սկզբից, քանզի նա է պետության ապագա գիտնականը: Չէի ցանկանա, որ գիտաշխատողը գիտություն ստեղծեր աշխատավարձի համար: Ապագա գիտնականն այնքան ապահովված պետք է լինի, որ ոչ թե մտածի, թե ինչ հետազոտություններ իրականացնի՝ ավելի շատ փող վաստակելու համար, այլ՝ ինչպես իր առաջարկած հետազոտությունները կօգնեն մարդկությանը:
– Ատենախոսական աշխատանքը նվիրված է լյարդի ցիռոզ հիվանդության ուսումնասիրությանը, դրա առաջացման ու զարգացման պատճառահետևանքային կապերին և նոր բուսական խառնուրդով կանխարգելմանն ու բուժմանը: Ի՞նչ բացահայտումներ եք կատարել:
– Ատենախոսական աշխատանքի յուրաքանչյուր հետազոտություն նոր գիտական գաղափարի ծնունդ էր, ինչի արդյունքում հետազոտություններն ընթացել են մի քանի փուլերով՝ շուրջ 5 տարի: Ուսումնասիրվել է լյարդի ցիռոզ հիվանդությունը` նոր առաջարկված մոտեցմամբ: Մտերիմ, աջակցող բժշկի հետ քննարկելուց հետո ծնվեց մի ամբողջական գաղափար, որն իր մեջ արդեն ներառում է հիվանդության ու դրա բուժմանն ուղղված պատճառահետևանքային կապը: Գաղափարի հեղինակը ինքս եմ, սակայն երկարատև լաբորատոր հետազոտությունները պրոֆեսիոնալ թիմի աշխատանք է, որտեղ յուրաքանչյուրն իր դերակատարումն է ունեցել: Տեսել ենք ցիռոզի զարգացման և դրա պատճառահետևանքային կապերի կանխարգելման մոտեցումներ՝ բուսական հեպատոպրոտեկտորով: Կիրառման մեջ դրել ենք առաջարկված բուսական խառնուրդի բուժական էֆեկտների հետազոտումը նոր դոզաչափով և նոր մոտեցմամբ՝ լաբորատոր անալիզների ապացուցողական կրետերիաներով:
Մեր ծրագրերում կա նաև հետազոտել և զուգակցել նոր հեպատոպրոտեկտոր ազդեցությամբ բուսական հումքի կիրառումը ցիռոզի պատճառահետևանքային կապի կարգավորման համար, որը կօգտագործվի կոմպլեքս բուժման մեջ:
Բացահայտման մեխը դրված է ոչ միայն առաջարկված բուսական ծագման դեղամիջոցի վրա, որն առաջարկում ենք օգտագործել կոմպլեքս բուժման մեջ, այլ ցիռոզի նախնական ախտորոշման և կանխարգելման մեթոդի վրա:
– Տեսեք, ստացել եք ակտիվ բուսական նյութ, որը կարող է բուժել կամ կանխարգելել ցիռոզ հիվանդությունը. այստեղ արդեն գիտնական-բիզնես կապն է պետք: Որքանո՞վ են բիզնես ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրված նման գաղափարներով:
– Դժվար է լինել գիտնական և անհատ ձեռներեց: Գիտնականի առաջարկը բիզնեսի հումք է: Հետաքրքրության առաջացումը, հնարավոր է, որ ներկայացնելու մեջ է, այդտեղ կարելի է ստեղծել համապատասխան կապող օղակ գիտնականի և բիզնեսի միջև: Այստեղ, ինչ խոսք, լրագրողները նույնպես կարող են իրենց դերակատարումն ունենալ՝ տարբեր հարթակներում ներկայացնելով գիտնականների աշխատանքը, որտեղ հնարավոր է՝ գտնվի գիտնական-բիզնես կապող օղակ:
Առաջարկը վերաբերում է ոչ միայն ստացված ակտիվ բուսական նյութին, այլև դրա էֆեկտիվության բարձրացմանը, որն ակնհայտ է մեր առաջարկած մեթոդի կիրառման պարագայում:
– Ընդհանրապես, գիտական ոլորտում ի՞նչ փոփոխություններ կուզեիք տեսնել:
– Եթե անկեղծ լինեմ, կնախընտրեի առաջարկված բավականին խելամիտ բոլոր ծրագրերի անխոչընդոտ իրականացում, որից հետո կարելի է անդրադառնալ ավելացումներին: Այսինքն՝ առաջարկվածները կիրառենք, հնանա, նոր մտածենք «կարկատանի» կամ նորի մասին:
Անի Կարապետյան