Մսի մշտական օգտագործումն իսկապես կապված է քաղցկեղի առաջացման վտանգի հետ, եւ Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականներն ապացուցել են դա։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Medicine-ում։
Մասնագետների թիմը՝ Քոդի Ուոթլինգի գլխավորությամբ, ուսումնասիրել է 472 377 բրիտանացիների մասին 2006-2010թթ. հավաքված տվյալները։ Մասնակիցների 52 տոկոսը միս եւ ձուկ էր կերել շաբաթն ավելի քան 5 անգամ, 44 տոկոսը միս էր կերել շաբաթը 5 կամ ավելի քիչ անգամ, իսկ 4 տոկոսը բուսակեր էր, վեգան կամ՝ նրանք մարդիկ էին, որոնք միայն ձուկ էին կերել։
Գիտնականներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ ձկնամթերք կամ մսամթերք օգտագործած մարդկանց 12 տոկոսը հիվանդացել է քաղցկեղով դիտարկման իրականացման ընթացքում։
Քաղցկեղի առաջացման ընդհանուր վտանգը 2 տոկոսից ցածր էր նրանց մոտ, ովքեր շաբաթը 5 կամ ավելի քիչ անգամ էին միս կերել, 10 տոկոսով ավելի հազվադեպ էին հիվանդացել նրանք, ովքեր միայն ձուկ էին կերել, իսկ բուսակերները, վեգանները 14 տոկոսով ավելի քիչ էին հիվանդացել օնկոլոգիական հիվանդություններով։
Հետազոտողները նշել են, որ իրենց աշխատանքի եզրահանգումները սնվելու այս ռեժիմի եւ քաղցկեղի միջեւ ուղիղ պատճառահետեւանքային կապ չեն կրում, քանի որ այդ տվյալները հավաքվել են ժամանակի որոշակի հատվածում, այլ ոչ թե մասնակիցների ամբողջ կյանքի ընթացքում։ Նրանք նաեւ կարծիք են հայտնել, որ ապագայում անհրաժեշտ կլինի ավելի լավ հետազոտել այդ փոխկապվածությունը, բայց ավելի մեծ թվով մասնակիցների եւ ավելի երկարատեւ ժամանակի ընդգրկմամբ։