Գարեջրից հրաժարվելը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա, հավաստիացնում են ԱՄՆ մասնագետները։
Ինչպես տեղեկացրել է Eat This, Not That! պարբերականը, գարեջրի օգտագործումից հրաժարվելը, մասնագետների կարծիքով, կարող է օգնել ազատվել որովայնի փքվածությունից, նիհարել, կարգավորել լյարդի աշխատանքը, բարելավել քունը եւ պարզել գիտակցությունը։
«Գարեջրից հրաժարումը կարող է ձեր որովայնն ավելի հարթ դարձնել, որովհետեւ ավելի քիչ կալորիաներ կօգտագործեք եւ չափից ավելի չեք ուտի, քանի որ ալկոհոլը բացում է ախորժակը»,- ասել է բժիշկ Ջոշ Էքսը։
Նրա խոսքով՝ գարեջուրը խախտում է օգտակար մանրէների հավասարակշռությունն աղիներում եւ գրգռում դրանք, ինչը կարող է հանգեցնել մարսողության խանգարումների եւ, որպես հետեւանք, որովայնի վրա ճարպի առաջացման։
Գարեջրից հրաժարումը կօգնի նաեւ կարգավորել լյարդի աշխատանքը, կազատի այն ալկոհոլը մաքրելու «ջանքերից», ինչի շնորհիվ օրգանն ավելի արդյունավետ կտրոհի տոքսիններն ու այլ վնասակար նյութերը։
Սննդաբան Քերի Գլասմանն, իր հերթին, հիշեցրել է, որ ալկոհոլային խմիչքները, այդ թվում եւ գարեջուրը, դատարկ կալորիաներ են պարունակում, որոնք նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն։ Եթե մարդը ցանկանում է նիհարել, նա պետք նվազագույնի հասցնի դատարկ կալորիաների օգտագործումը։
Բժիշկ Ֆրենկ Լիփմանն, իր հերթին, նշել է, որ ալկոհոլը խախտում է քնի բնական շրջափուլերը։ Նրա խոսքով՝ օրական անգամ երկու չափաբաժին սպիրտային ըմպելիքը կարող է բավական լինել, որպեսզի խախտվի քնի 24-ժամյա ցիկլը, եւ կարող է անքնություն առաջանալ։ Բայց գարեջուրը դրան ավելի շատ է նպաստում, քան այլ ըմպելիքներ, քանի որ սովորաբար գարեջուր շատ են խմում, եւ մարդը գիշերը կարող է ավելի հաճախ արթնանալ՝ զուգարան գնալու համար։
Բացի այդ, մշտապես գարեջուր խմող մարդը կարող է հստակ գիտակցության հետ կապված խնդիրներ ունենալ։ Ինչպես կարծում է նեյրոֆիզիոլոգ Սյուզաննա Գազդան, բանը միայն ըմպելիքի արբեցնող էֆեկտը չէ, այլեւ այն, որ արտադրության ժամանակ դրա մեջ կարող են հայտնվել տոքսիններ եւ ծանր մետաղներ։ Չնայած սովորաբար դրանք գարեջրի մեջ քիչ են, բայց ոմանք զգայուն են դրանց հանդեպ, եւ նրանք կարող են խնդիրներ ունենալ՝ սկսած գլխացավերից, վերջացրած հիշողության կորուստներով ու բացասական այլ հետեւանքներով։