Հին հայերենում՝ գրաբարում, Ի նախդիրը ձայնավորով սկսվող բառերից առաջ դառնում է Յ, որը Հ է կարդացվում։ Տերունական աղոթքից գիտենք. «Եղիցին կամք քո որպէս յերկինս [հերկինըս = երկնքում] և յերկրի [հերկրի = երկրի վրա]»։
Հայաստանում 1922 թ. ուղղագրության փոփոխությունից հետո բառասկզբի Յ-ն գրվում է Հ։
Ժամանակակից հայերենում գործում է գրաբարից փոխանցված ավանդույթը, երբ Ի-ն, որակապես փոխվելով, ձուլվում է բառին։ Կան մի շարք քարացած ձևեր, որոնք անխաթար պահպանվել են, արձանագրվել բառարաններում։ Մարդիկ, սակայն, ձայնավորով սկսվող բառերը հաճախ գործածում են Ի-ով կամ էլ Ի-ին առնչվող այլ կարգի սխալներ անում և կամ տարատեսակ դժվարություններ ունենում։
Ներկայացնենք նախդրավոր միավորների մի փունջ՝ անհրաժեշտ պարզաբանումներով։
ՀՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ (յուրախութիւն)
Նշանակում է «մեկի ուրախության համար»։ Ի նախդրին առնչվող օրինաչափությունն իմացողների ականջն է սղոցում «ի ուրախություն» սխալ կազմությունը։
ՀՕԳՈՒՏ (յօգուտ)
Նշանակում է «մեկի կամ մի բանի օգտին»։ Ոմանք սխալմամբ ասում են «ի օգուտ», ոմանք՝ «օգուտ մեկի»։
ՀԱՄՈԹ (յամօթ)
Նշանակում է «իբրև ամոթանք»։ Գրագետ մարդկանց խոսքում սովորական է, հանդիպում է մամուլում և հրապարակախոսության մեջ։ Այսպես. «Եվ համոթ մեզ՝ մենք այս ամենը հանդուրժում ենք»:
ՀԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ (յաջակցութիւն)
Նշանակում է «որպես աջակցություն»։ Հաճախ են ասում և գրում, իհարկե սխալվելով, «ի աջակցություն»։
ՀՕԴՍ ՑՆԴԵԼ (յօդս ցնդել)
Առաջին բաղադրիչը բառացի նշանակում է «դեպի օդ», ամբողջ կապակցությունը՝ «վերանալ, անհետանալ, չքանալ, ոչնչանալ»։ Այս հօդս-ը բայ է կազմում նաև ցնդեցնել-ի հետ՝ հօդս ցնդեցնել՝ «ոչնչացնել, վերացնել» իմաստով։
Երբեմն հ-ն չըմբռնելով և ավելորդ համարելով՝ սխալմամբ գործածում են «օդս ցնդել» ձևով։
ՀՈՏՆԿԱՅՍ (յոտնկայս)
Նշանակում է «ոտքի կանգնած»։ Հաճախ ասում են առանց հ-ի՝ «ոտնկայս», նաև «ոտնկաց»։ Անխոցելի տարբերակը հոտնկայս-ն է։
ՀԸՆԹԱՑՍ (յընթացս)
Ի նախդիրը միացել է ընթացք բառին։ Գրաբարյան կանոնով ք-ն, որը ծագել է հոգնակիի մասնիկից, հայցականում դարձել է ս: Նշանակում է «ընթացքում», նաև «զուգահեռաբար»։ Վերջին տարիներին բավական տարածվել է, բայց երբեմն պատահում է նաև «ընթացս» սխալ ձևը։
ՀԱՉՍ (յաչս)
Նման է ՀԸՆԹԱՑՍ-ին. այստեղ էլ աչք-ի Ք-ն է դարձել ս։ Նշանակում է «աչքին, աչքում»։ Գուրգեն Մահարին «Այրվող այգեստաններում» գրել է. «Ո՞վ պիտի ժառանգեր նրա հոգևոր ու մտավոր հարուստ, երևակայական կալվածները, պանծացներ իր անունը հաչս նորոգ [«նոր»], գալիք սերունդների, ո՞վ…»։
Ի ԱՐԴՅՈՒՆՔ
Մամուլում, այլուր հանդիպում է կանոնին հակասող «ի արդյունք» սխալ ձևը, բայց կանոնական հարդյունս–ն էլ գրեթե չի հանդիպում, շատերի ականջին ու աչքին խորթ է։ Ի՞նչ անել։ Կարելի է ասել որպես արդյունք, արդյունքը սա է և այլն։
Ընդհանուր եզրակացություն. ձայնավորով սկսվող բառերից առաջ Ի նախդիր գործածելը բացառել։