Թուրքիայում առաջիկայում սպասվում է առաջին անհրաժեշտության ապրանքների համար հավելյալ գնաճ։
Բուրսայի սննդի արդյունաբերողների միության (BUYSAD) նախագահը նշել է, որ Ռուսաստանի կողմից Դոնբասում իրականացվող ռազմագործողության պատճառով ցորենի մատակարարման պակասը կբարձրացնի ալյուրի և հացի գները Թուրքիայում, իսկ արևածաղկի սերմի ներմուծման խափանումը կազդի ձեթի գների վրա:
Թուրքիայում պարենային ապրանքների գնաճն այս տարվա հունվարի 1-ից ի վեր աճել է 18 տոկոսով։
Հայաստանում ևս ռուս-ադրբեջանական պատերազմով պայմանավորված՝ լուրեր են շրջանառվում այս երկու երկրներից Հայաստան ներկրվող ապրանքների հնարավոր թանկացման մասին, սակայն «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանի կարծիքով՝ գուցե ներկրման առումով ժամանակավոր որոշ բարդություններ լինեն, սակայն հարցը կլուծվի:
«Ուկրաինայից ներկրում ենք ավելի շատ քաղցրավենիք, սառեցրած հավի միս, ձեթ և այլ մթերքներ, իսկ Ռուսաստանից ավելի շատ ապրանք ենք ներկրում: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ ենք: Իսկ այն խոսակցությունները, որ ժողովուրդը տարածում է, թե՝ հնդկաձավար և այլ հատիկեղեն գնեք, թանկանալու է, այդ մտածելակերպը, կարելի է ասել, պապական է:
Հենց մի բան է լինում, «զապասով» են ամեն ինչ անում: Կորոնավիրուսի ժամանակ տեսանք, թե, օրինակ, ԱՄՆ-ում ինչ էր կատարվում, անգամ զուգարանի թուղթն էր դեֆիցիտ, հետո հասկացան, որ պետք չէր 2-3-ի փոխարեն՝ 100 հատ գնել, որ մյուսներին չմնա ու դեֆիցիտ լինի: Հուսով եմ՝ այս պատերազմը երկար չի տևի, որովհետև Ռուսաստանն էլ երկար չի կարող դիմանալ պատժամիջոցների պարագայում: Ամեն դեպքում այս ընթացքում արտառոց թանկացումներ չեն եղել»,- նշեց նա:
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած գնաճի մասին կառավարության նիստից հետո խոսել է նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ասելով.
«Ամեն ինչ պետք է անենք, որ ինֆլյացիան բարձր չլինի, որովհետև դա վերաբերում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդուն։ Բնականաբար, մենք ուզում ենք, որ ինֆլյացիան լինի այն միջակայքում, որը նշված է բյուջեի մասին օրենքում։ Թե ինչպես կծավալվեն դեպքերը, կախված է շատ անորոշություններից։ Մենք տեսնում ենք, որ կա էական գնաճ ցորենի շուկայում, մեծ ռիսկ կա շաքարավազի շուկայում։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք ամեն մի ապրանքատեսակը։ Մեր գործողություններն ուղղված են լինելու գնաճի զսպմանը»։
Անի Կարապետյան