Գեղեցիկ կազմվածք, առողջ մաշկ ունենալու մասին երազում է ցանկացած կին, ու այն իրականություն դարձնելու համար նրանք պատրաստ են գնալ ցանկացած զոհողության և առաջինը դիմում են դիետայի օգնությանը:
«Դիետա» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է՝ ապրելակերպ, սննդի ռեժիմ:
Շատ սննդաբաններ կարծում են, որ մարդուն պետք է սովորեցնել ճիշտ սնվել և, եթե տվյալ անձը սնվելու կոնկրետ ժամերը պահեց, ապա ինքը երբեք չի գիրանա:
Նիհարելու ձգտումն ունի նաև հոգեբանական կողմ: Պատահում է, որ մարդիկ որևէ մեկի կերպարը որպես չափանիշ են վերցնում և փորձում են նրան նմանվել:
Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի խոսքով՝ դիետա պահելիս անհրաժեշտ է իմանալ հիմնական սկզբունքները, որպեսզի օրգանիզմին վնաս չհասցնեն:
«Հիմնական սկզբունքը դա երկու շաբաթվա կամ մեկ շաբաթվա դիետա չէ, այն սովորությունների փոփոխություն է, որը պետք է բերի ժամանակի ընթացքում քաշի իջեցման, և դրանից հետո քաշն ընդհանրապես չպետք է բարձրանա:
Դիետան մեկ շաբաթով ուտելիքը սահմանափակելով չէ, պետք է ռեժիմ փոխվի՝ ջրի ռեժիմ, ուտելիքի քանակ ու որակ, ավելացվի ֆիզիկական ակտիվությունը: Թվում է՝ սա պարզ է, բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի անում, որովհետև իրենց համար շատ ավելի հեշտ է մեկ շաբաթ դիետա պահել»,- մեզ հետ զրույցում նշեց սննդաբանը:
Վարդանուշ Պետրոսյանն ընդգծեց՝ ճարպակալումը, այո՛, հիվանդություն է, ու դրանով պետք է զբաղվի բժիշկը:
«Ֆիթնեսով զբաղվելը զուտ ֆիզիկական ակտիվություն է, այնտեղ քաշի իջեցումով չպետք է զբաղվեն»,- ընդգծեց նա:
Անի Կարապետյան