Կա՞ աշխարհում արդյոք մայրենախոս ու ազնվարյուն մի հայ, որի սիրտն ու հոգին հմայված չլինեն «Երջանկության արցունքները» հուզառատ, քնարաշունչ երգով՝ երգ, որը շատերն են կատարել, այն նաեւ այսօր են հնչեցնում: Հին ու նոր ժամանակների երգիչները գուցեեւ լավ են երգում, բայց կա մեկը, որի շուրթերից հնչեցրածի հետ դժվար թե կարողանան համեմատվել անգամ շատ տիտղոսավոր անուններ: Եվ այդ մեկը դեռեւս անցյալ դարի վաթսունական թվականներից Ֆրանսիայում մեծ ճանաչման արժանացած դերասան, երգիչ Մանուել (Էմանուել) Մենենկիչյանն է, ով հաճախել է ամերիկացի մեծանուն դերասան Դուգլաս Սքոթի եւ անմահ շանսոնիեի՝ Շառլ Ազնավուրի դասերին:
Երգիչը ծնվել է 1941 թվականին, Բեյրութում հաստատված արեւմտահայ գաղթականների ընտանիքում: Երաժշտական տաղանդը ի հայտ է եկել դեռ մանկուց: Դա հասկացել էին ծնողները, եւ պատահական չէր, որ, տեղափոխվելով Փարիզ, շնորհառատ իրենց զավակին ուսման են տալիս տեղի երաժշտական դպրոց:
Էմանուելը քսանչորս տարեկանում է ստանում իր առաջին մրցանակը: Դա երիտասարդ էստրադային կատարողների մրցույթին մասնակցության թեւավորող արդյունքն էր: Իսկ հետո համերգային ելույթներով շրջագայությունն էր լինելու ԽՍՀՄ տարբեր քաղաքներում: Վերադառնալով Փարիզ, ձեռնամուխ է լինում իր երգերի թողարկմանը՝ ֆրանսերենով: 1967-1968 թվականներին տալիս է շուրջ 75 համերգ՝ ելույթների անհավանական թվացող պատկառելի քանակ: Պատկառելի էր նաեւ նրա ֆրանսալեզու երգերի՝ նախկին Միությունում երկու միլիոն ձայնապնակների արագընթաց վաճառքը: Այնուհետ երգի սիրահարներին էին հասնելու մենենկիչյանական նոր ձայնասկավառակները՝ երգերի հայերեն, անգլերեն կատարումներով:
Մեկ քառատողի մեջբերումով նորից գանք հանրահայտ ու ամենուր սիրված երգին.
Երջանկության արցունքները
Խոստումներովդ ինձ տվիր
Ու ինձ տալով ուրախ հույսեր՝
Դու ինձ երջանիկ դարձուցիր…
Իսկ ո՞վ է զմայլիչ այս երգի տեքստի եւ երաժշտության հեղինակը. բանաստեղծ, կոմպոզիտոր, սցենարիստ, ռեժիսոր, հեռուստալրագրող Սաքի (Սարգիս) Մուրադյանը, ով, ցավոք, մահկանացուն կնքեց վերջերս… Արժի, որ առաջիկայում անդրադառնանք բազմաշնորհ այս հայորդուն եւս, նրա ստեղծագործական վաստակին, իսկ առայժմ տեղեկացնենք, որ նա նույնպես ծնվել է Լիբանանի մայրաքաղաքում 1931-ին, Մեծ եղեռնից մազապուրծ ծնողների ընտանիքում. հայրը Ադանայից էր, մայրը՝ Մարաշից: Նրանք այն 30 հազար հայերի թվում էին, որոնց Լիբանանի կառավարությունն ընդունել էր մարդասիրաբար եւ անմիջապես տվել քաղաքացիություն: Ինչեւէ:
Տաղանդավոր արվեստագետը նկարահանել է բազմաթիվ կինոնկարներ, որոնցից առաջինը «Արյունապարտն» է, երկրորդը՝ «Երջանկության արցունքները»: Այս ֆիլմում գլխավոր հերոսը եւ երգերի կատարողը Էմանուել Մենենկիչյանն է, ով մինչեւ նկարահանվելը առավելապես երգում էր անգլերենով եւ ֆրանսերենով: Կինոնկարն է առիթ դառնում, որ Էմանուելը սկսի երգել նաեւ իր մայրենի լեզվով: Ֆիլմի առաջին ցուցադրումը տեղի է ունենում Բեւեռլի Հիլզի մի կինոթատրոնում, այնուհետեւ երկու շաբաթ՝ Հոլիվուդի կինոթատրոններից մեկում՝ օրական երկու անգամ, հանգստյան օրերին՝ երեք: Իսկ Բեյրութում այն միաժամանակ ցուցադրվում է երեք կինոթատրոններում՝ նվաճելով մեծ լսարան: Ֆիլմը ներկայացվում է նաեւ Իրանում, Արգենտինայում, այլ երկրներում:
Համանուն կինոնկարի բոլոր երգերը՝ «Երջանկության արցունքները», «Ալիքները կկանչեն», «Առանց քեզ ժպիտ չունիմ», «Երգիր, մոռացիր», «Մոռացար զիս, դու մոռացար», «Սպասիր», «Սիլվա, վերադարձիր» եւ եւս մի քանի երգերի կատարումները նորոգ հեղինակություն ու համբավ են բերում հայ սփյուռքի մեր ամենասիրված երգիչներից մեկին, ով այժմ ապրում, ստեղծագործում է Միացյալ Նահանգներում: Երկարակեցություն մաղթենք 8 տասնամյակը բոլորած Էմանուել Մենենկիչյանին եւ շարունակենք զմայլվել նրա հոգեհմա երգարվեստով, մանավանդ՝ «Երջանկության արցունքներով»…