Դուք մայոնեզը դեռ գնում եք խանութի՞ց: Ձեզ չե՞ն անհանգստացնում տուփի վրայի տասնյակ «E»-երը և բնական բաղադրիչների բացակայությունը: Փորձեք պատրաստել այդ սոուսը տնային պայմաններում: Դուք կզարմանաք, թե ինչքան հեշտ է այն պատրաստելը:
Պատրաստում ենք տնական մայոնեզ
Դասական մայոնեզ պատրաստելու համար անհրաժեշտ են.
- Ձվի դեղնուց – 4 հատ
- Մանանեխ – 1 ճ/գ
- Շաքարավազ – 2 թ/գ
- Աղ – 1/2 թ/գ
- Խնձորի քացախ – 2 ճ/գ
- Բուսայուղ – 500 մլ
Պատրաստման եղանակը
- Խորը թասի մեջ խառնել դեղնուցները, աղը, շաքարավազը, մանանեխը: Հարել և հարելու ընթացքում ավելացնել 1 ճ/գ քացախ:
- Շարունակելով հարել՝ սկսել լցնել բուսայուղը: Լցնել շատ դանդաղ, որպեսզի զանգվածը լավ խառնվի:
- Լցնել բուսայուղի մոտ կեսը և ավելացնել քացախի 2-րդ գդալը:
- Շարունակել լցնել բուսայուղը:
- Երբ ամբողջ բուսայուղը լցված է, տեղափոխել պատրաստի սոուսն ապակե տարայի մեջ, ծածկել կափարիչով և մի քանի ժամ թողնել սառնարանում:
Տնական մայոնեզը ճիշտ պատրաստելու 5 գաղտնիք:
- Բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի:
- Օգտագործել դանդաղ պտույտով հարիչ:
- Քացախի փոխարեն՝ կարելի է օգտագործել կիտրոնի հյութ:
- Օգտագործել արևածաղկի յուղ, այլ ոչ թե ձիթապտղի:
- Եթե սոուսը պինդ ստացվի, ավելացնել 1-2 գդալ գոլ ջուր և նորից հարել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը