Բնավորության մասին
Advertisement 1000 x 90

Բնավորության մասին

Բնավորության մասին

Անգլիայի պարծանք ադմիրալ Հորացիո Նելսոնն (1758–1805) իր կյանքում գրեթե ամեն ինչ տեսել էր՝ նա կորցրել էր աջ աչքը ծովամարտերից մեկի ժամանակ, իսկ Սանտա-Կռուզի ճակատամարտում զրկվել էր աջ ձեռքից։ 1797 թվականին նա ջարդում է իսպանացիներին Սան-Վիսենտի հրվանդանի մոտ, իսկ մի տարի առաջ էլ Նապոլեոնին է տխրեցնում՝ եգիպտական արշավանքի ժամանակ վերացնելով ֆրանսիական նավատորմը։ Այսքան հաջողություններն ուսերին, ադմիրալն իրեն ինքնավստահ էր զգում, սակայն 1801 թվականին Անգլիան Դանիայի հետ կոնֆլիկտ է ունենում, որի արդյունքում Նելսոնը հայտնվում է ոչ այդքան հաճելի իրավիճակում։

Պարզ էր, որ Բրիտանիայի նավատորմը գլխավորելու էր ազգի հերոսը՝ Նելսոնը, սակայն ղեկավարությունը հանձնում են սըր Հայդե Փարքերին, իսկ Նելսոնին էլ նշանակում են տեղակալ։ Դանիացիների հետ կոնֆլիկտի հիմնական պատճառը ֆրանսիացիներին զենք մատակարարել դադարեցնելն էր, որին դանիացները չէին համաձայնել և մատակարարում էին։ Սըր Փարքերը Նելսոնից մեծ էր, հավասարակշռված ու կատարում էր հրամանները՝ առանց որևէ եզրագիծ խախտելու՝ հրաման է, վերջ, պիտի այդ հրամանի սահմաններում գործել։

Նելսոնը Փարքերին առաջարկում է արագ գործել, որպեսզի դանիացիները չհասցնեն պատրաստվել պաշտպանությանը, սակայն շտապելը Փարքերի ռազմավարության մեջ չէր մտնում՝ նավերը հանգիստ կանգնած էին։ Նելսոնը տեղը չէր գտնում, նա չէր կարողանում հանգիստ նստել և որոշում է ուսումնասիրել հետախուզության բերած տվյալները, քարտեզները, մարտի պլանը, քամու ուղղությունը և այլն։

Մարտի 11-ին Բրիտանիայի նավատորմը հասնում է դանիական կղզիներ ու փախանակ հարձակվելու՝ Փարքերը նավերը կանգնեցնում է Կոպենհագենի քաղաքային նավահանգստից դեպի հյուսիս ու հրավիրում կապիտաններին քննարկման։ Քննարկման հիմնական թեման լուրջ խնդիրն էր, քանի որ մինչ անգլիացիները գալիս էին, դանիացիներն արդեն պատրաստվել էին պաշտպանության՝ Նելսոնը ճիշտ էր։ Հետախուզությունը զեկուցել էր, որ դանիացներն անցել են պաշտպանության՝ թնդանոթները դրված էին բոլոր բարձրադիր վայրերում, նավերի վրա և պատրաստ էին խոցել անգլիական նավերը։ Բացի այդ Կոպենհագենի շրջակայքի ջրերը ծանծաղ էին, նավերին լավ վնաս էին հասցնելու։ Ըստ Փարքերի՝ հարձակվելն ուղղակի անիմաստ էր, քանի որ մի կողմից ծանծաղ ջրերն էին, մյուս կողմից էլ՝ դանիացիներ թնդանոթները։

Լսելով այս կարծիքները՝ Նելսոնը տեղից վեր է կենում և ասում.

_Պատմության մեջ սպասելով ոչ մի պատերազմ չեն հաղթել։ Պիտի հարձակվենք հարավից, որտեղից նրանք չեն սպասում, իսկ Դուք՝ Փարքեր, մնացեք այստեղ՝ հյուսիսում, և սպասեք իմ ազդանշանին։ Մենք մեզ վրա կվերցնենք դանիական հրետանին, իսկ դուք էլ հանգիստ կմոտենաք, քանի որ ես քարտեզներն ուսումնասիրել եմ, ջրերն այդքան էլ ծանծաղ չեն, իսկ ինչ վերաբերում է քամիներին, ավելի լավ է հարձակվենք, քան սպասենք քամու հանդարտվելուն։

Նելսոնի խոսքերը բոլորին ոգևերում են, անգամ հուսալքված Փարքերն է համաձայնում պլանին և հրամայում է հարձակվել։ Նելսոնը հարձակվում է Կոպենհագենի վրա, սակայն դանիացիները մեծ վնաս են հասցնում հրետանիով, արկերից մեկն էլ ընկնում է հենց Նելսոնի կողքին՝ վերջինիս շպրտելով բավականին տարածություն։ Փարքերը հյուսիսից նայում էր մարտին ու տեսնում, թե ինչպես են խոցվում իր նավերը։ Նա փոշմանել էր, որովհետև իր կարիերայով էր պատասխանատու պարտության համար։ 4 ժամ տևած մարտի ընթացքում Փարքերը լարված դիտում էր, մինչև հասկացավ, որ վերջ, անգլիացիները պարտվում են և ժամանակն էր 39 համարի դրոշը պարզելու, որը նշանակում էր հեռանալ։ Այդ թիվը տեսնում էին նավերը և հերթով նշան տալով հեռանում։

Երբ նշանը տեսնում են Նելսոնի նավի անդամները, տեղեկացնում են նրան, որ հրաման է տրված նահանջել։ Նելսոնը նայում է իրեն մոտեցած մարտիկներին ու հարցնում.

_16 համարի դրոշը կա՞ (16 համարի դրոշը նշանակում էր մտնել մենամարտի արդեն դեմ դիմաց, կամ ռուսերեն ասած՝ բլիժնիբոյ)։ Եթե կա, ապա բարձրացրեք։

_Ադմիրալ Նելսոն, բայց մեր հրամանատարը նահանջի հրաման է տվել, ադմիրալ Փարքերը սպասում է մեզ։

_Լսիր, երկար զրուցելու ժամանակ չկա, ես մի աչքանի մարդ եմ, կարող եմ և տեսած չլինել այդ գրողի տարած 39 համարի դրոշը,_պատասխանում է Նելսոնն իրեն հակաճառող նավաստուն և ասում.

_Ես ոչ մի նահանջի դրոշ էլ չեմ տեսնում, հարձակվում ենք։

Անձնակազմը տատանվում էր, սակայն Նելսոնի համբավն իր գործն արեց և միահամուռ անցնում են հարձակման։ Դանիացիները տեղի տվեցին և Փարքերի նահանջի հրամանից մեկ ժամ հետո հանձնվեցին, քանի որ գլխավոր նավերը դեմ դիմաց մենամարտում անգլիացիները կարողացան զավթել։

Ինչ վերաբերում է Փարքերին, անգլիացիները զարմանալի են, քանի որ մեթոդաբան և բանիմաց մարդիկ հիմնականում պետք են գալիս խաղաղ ժամանակներում, ովքեր կարգապահություն են սերմանում զինվորներին, կամ էլ փոխանցում գիտելիքներ։ Նմանները խաղաղ ժամանակ աննկարագրելի կարևոր մարդիկ են, բայց անելանելի վիճակում նրանք պետք չեն, քանի որ մինչև հաշվում են, գցում-բռնում, մանրամասն վերլուծում, հետևանքների մասին մտածում, քանի որ վախենում են սխալվելուց, թշնամին արդեն իր ձեռքն է վերցնում իրավիճակը։ Իսկ նման վիճակներում տատանտվելը կարող է բերել ֆատալ սխալի, քանի որ չկայացրած որոշումն արդեն իսկ ձախողում է։

Իսկ Նելսոնի պարագայում լրիվ այլ էր՝ լինելով թուլակազմ, նրբիկ մարդ՝ նա փոխհատուցում էր այդ ամենն իր բնավորությամբ՝ կամքով և վճռականությամբ։ Այդ որակներն էլ նրան թույլ էին տալիս լինել այնքան համարձակ, որ իր ժամանակաշրջանում չկար մեկը, ով լիներ այդքան վճռական, ճկուն և անընդհատ կատարելագործվող։ Երևի երկրորդը Նապոլեոնն էր, ում Նելսոնը տանել չէր կարողանում։ Նելսոնի նման իր վրա աշխատող, հմտությունները կատարելագործող մարդ քիչ կար, մինչ այլ ադմիրալները, կամ ղեկավարները մտածում էին, վախենում էին ձախողումից, հնարավոր պարտությունից, հետևանքներից, Նելսոնը պլանավորում էր, ուսումնասիրում թշնամուն դետալ առ դետալ։ Մանրամասն վերլուծությունը նրան թոյլ էր տալիս գծել մարտի պլանը, այլ ոչ թե մտածել ձախողման մասին։

Նելսոնը ևս մեկ անգամ իր օրինակով ցույց էր տալիս, որ պատրաստված մարդուց հզորը չկա, քանի որ պատրաստված լինելն ինքնավստահության հզոր ալիք է տալիս յուրաքանչյուրին։

Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր