Նուրբ ու անուշաբույր, շերտավոր փափուկ բուլկիներ՝ չրով և ընկույզով: Պատրաստելը շատ հեշտ է, հաճույք կստանաք և գործընթացից, և արդյունքից:
Որպեսզի բուլկին լավ ստացվի, բոլոր բաղադրիչները պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- գոլ կաթ՝ 300մլ
- խմորիչ թարմ՝ 15գ, կամ չոր՝ 5գ
- ալյուր՝ մոտ 700գ
- աղ՝ 1թ.գ.
- շաքարավազ՝ 100գ
- ձեթ՝ 70մլ
- սպիտակուց՝ 2 հատ
- կարագ՝ քսելու համար
- չիր, ընկույզ՝ ըստ ճաշակի
- վանիլի շաքար՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
Գոլ կաթի մեջ լուծել խմորիչը, ձեթը, շաքարավազը: Խառնել՝ մինչ համասեռ զանգված ստանալը:
Ավելացնել սպիտակուցը, աղը, վանիլի շաքարը, մաղած ալյուրը:
Ծածկել խմորը և թողնել մոտ 2 ժամով՝ տաք տեղում: Տեղափոխել խմորը աշխատանքային մակերեսի վրա, բաժանել 8 մասի, գնդիկներ ձևավորել: Նորից ծածկել տոպրակով, թողնել 1 ժամով:
Յուրաքանչյուր գնդիկը գրտնակել՝ բարակ, հալեցրած կարագ քսել և ցանկացած մանրացրած չիր, ընկույզ կամ ցուկատ լցնել:
Ձիգ գլանակի պես փաթաթել, կտրել երկարությամբ ուղիղ մեջտեղից, սակայն ոչ մինչև վերջ: Փաթաթել խխունջի պես:
Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել խխունջները, ծածկել ու սպասել 20 րոպե:
Հարել դեղնուց ու կաթ, քսել բուլկիներին: Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 25 րոպե:
Բարի ախորժակ:
Նյութը պատրաստեց Տեղեկատուկայքը