Կառավարությունը սակագնային արտոնություն սահմանեց Հայաստանի տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ դեռևս 2022 թվականի մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է համապատասխան որոշում, որի կետերից մեկով էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման մաքսասակագնային արտոնություն կիրառելու մասին որոշում է կայացվել, և ամեն երկրին տրվել է որոշակի չափաքանակի քվոտա։
«Այդ շրջանակներում ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներն ազատվում են մաքսային մաքսատուրքից։ Հայաստանը իր համար վերցրել է 7000 մեքենայի քվոտա, հաշվի առնելով այն, որ էապես ավելանում է ներմուծվող էլեկտրական շարժիչով մեքենաների քանակը»,- ասաց Քերոբյանը՝ նշելով, որ արտոնություն կտրամադրվի 6400 մեքենաների համար, որովհետև ցանկանում են որոշակի ռեզերվ պահել լրիվ նոր մեքենաների համար, որոնց ներմուծման գործընթացը երկար է տևում։
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ֆիզիկական անձանց համար այս որոշումը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի մեկից հետո ներմուծված էլեկրտոմոբիլերի համար, և այն մարդիկ, ովքեր ներմուծել են և մաքսատուրք են վճարել, իրենք կարող են նոր հայտարարագիր լրացնել և ստանալ իրենց վճարված գումարները, իսկ իրավաբանական անձանց համար այս որոշումը ուժի մեջ է մտնում մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար։
«Ներմուծման գործընթացը շատ աննկատ է անցնելու։ Այսինքն՝ հայտարարագիրը ավտոմատ տալիս է այդ քվոտայից օգտվելու հնարավորություն, որևէ լրացուցիչ գործողություն մարդիկ չպետք է անեն։ Սա լավ առիթ է ավելացնելու էլեկտրական մեքենաների քանակը մեր երկրում։ Ասեմ նաև, որ հաջորդ տարվա համար ունենք 8000 մեքենաների համար քվոտա»,- ասաց Քերոբյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այսպիսով մաքսատուրքից կազատվեն ՀՀ ներմուծվող առաջին 6400 էլեկտրոմոբիլները։
«Հիշեցնեմ, որ դեռևս 2019-20 թվականին էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը ազատել ենք ավելացված արժեքի հարկից։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոմոբիլներ կարելի է ներկրել 32 տոկոսով ավելի էժան գնով, քան սովորական ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաները։ Հետևաբար, կարծում եմ, որ սա իսկապես շատ լավ հնարավորություն է, որպեսզի էլեկտրոմոբիլներ ներկրվեն Հայաստանի Հանրապետություն։ Ուզում եմ ընդգծել, որ, բնականաբար, սա լավ առիթ է, որպեսզի ներդրումներ արվեն էլեկտրոմոբիլների լիցքավորման և սպասարկման ոլորտում, ինչը չափազանց կարևոր է»,- եզրափակեց վարչապետը։