Ավելորդ քաշից ազատվելու և գեղեցիկ ու սլացիկ կազմված ձեռք բերելու մասին երազում են միլիոնավոր մարդիկ, սակայն խնդիրն այն է, որ սխալ մոտեցման դեպքում նիհարելու գործընթացը կարող է բավական երկարատև լինել կամ առհասարակ հաջողությամբ չպսակվել։ Այս խնդրի դեմ պայքարը սովորաբար մտազուգորդվում է խիստ սննդակարգերի ու հատուկ մարզումների հետ, սակայն նման մեթոդները ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ որոշակի առողջական խնդիրների պատճառ են դառնում։ Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ իրականում ցանկալի արդյունքին հասնելու համար շատ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ մի քանի պարզ փոփոխություն անելն անգամ կարող է շատ արդյունավետ լինել։
Սննդաբան Մայքլ Մոսլիի խոսքով՝ նման փոփոխություններից մեկը կարող է լինել ալկոհոլից հրաժարվելը։ Մասնագետը վստահ է, որ ընդամենը 8-12 շաբաթ սննդակարգից ալկոհոլը բացառելը կարող է ավելորդ կիլոգրամներից արագ ազատվելու հիանալի միջոց լինել։
Մոսլիի պնդմամբ՝ ալկոհոլային ըմպելիքներն ունեն շատ բարձր կալորիականություն, ուստի խիստ վնասակար են նիհարել ցանկացողների համար։ Օրինակ՝ մի մեծ գավաթ գինին պարունակում է մոտ 230 կալորիա՝ նույնքան, որքան շոկոլադի մի սալիկը։ Միևնույն ժամանակ ալկոհոլը գրգռում է ախորժակը, ինչը նույնպես չի նպաստում քաշի նվազմանը։
«Մեծ դեր են խաղում երկու հորմոն՝ լեպտինն ու գրելինը։ Լեպտինը նվազեցնում է քաղցի զգացումը, իսկ գրելինը՝ մեծացնում է այն։ Երբ դուք ալկոհոլ եք խմում, լեպտինի մակարդակը նվազում է, իսկ գրելինի մակարդակը՝ բարձրանում, ինչի արդյունքում էլ ախորժակը մեծանում է»,- բացատրել է սննդաբանը։