Ավելորդ քաշն ու ճարպակալումը ներկայում բավականին լուրջ խնդիր են, որոնց դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։ Ավելորդ կիլոգրամները բարձրացնում են առողջական մի շարք խնդիրների զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են օր առաջ ազատվել այս խնդրից ու կարգի բերել կազմվածքը։
Ավելորդ քաշից ազատվելու և գեղեցիկ ու սլացիկ կազմված ձեռք բերելու համար մարդիկ սովորաբար դիմում են խիստ սննդակարգերի ու ինտենսիվ մարզումների օգնությանը, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ հանգեցնում են առողջական մի շարք խնդիրների զարգացման։ Սա է պատճառը, որ մասնագետները հաճախ խուրհուրդ են տալիս չփորձել չափազանց արագ նիհարել խիստ սննդակարգերի ու ինտենսիվ մարզումների միջոցով։
Ըստ սննդաբան, թերապևտ Ելենա Իգնատիկովայի՝ ամռանն ընդառաջ ավելորդ կիլոգրամներից ազատվելու ամենաարդյունավետ ու անվնաս տարբերակն օգտագործվող ու վատնվող կալորիաների միջև ճիշտ հավասարակշռության պահպանումն է։ Ինչպես շեշտել է մասնագետը Lenta.Ru-ի հետ զրույցում՝ ծանր մարզումներից ու խիստ սննդակարգերից հարկավոր է խուսափել։
Այս խնդրի դեմ պայքարում մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգում հնարավորինս շատ թարմ բանջարեղեն ներառել և հետևել օգտագործվող ու ծախսվող կալորիաների միջև դեֆիցիտի պահպանմանը։ Ընդ որում՝ խիստ սննդակարգերից ու մարզումներից խորհուրդ է տրվում հրաժարվել կամ դիմել մասնագետներին ու մնալ մարզչի ու սննդաբանի վերահսկողության տակ։
«Սննդակարգի սահմանափակման պայմաններում չափից շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն առավել հաճախ հանգեցնում է մի բանի, որը մասնագետները կոչում են «գերմարզվածություն» տերմինով։ Նման դեպքում տեղի է ունենում շաքարի պաշարների մակարդակի հյուծում»,- նշել է մասնագետը։
Ինչ վերաբերում է խիստ սննդակարգերին, ապա դրանք կարող են հակառակ ազդեցությունն ունենալ և որոշ ժամանակ անց հանգեցնել քաշի ավելացման, ինչից ազատվելը շատ ավելի դժվար կլինի։ Մասնագետի խոսքով՝ ընդամենը երեք ամիս ճիշտ սնվելու և ակտիվ կենսակերպ վարելու դեպքում կարելի է հեշտությամբ ազատվել մարմնի ընդհանուր զանգվածի 5-10 տոկոսից։