Ռուս հայտնի բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը ամենօրյա սննդակարգի բարելավման վերաբերյալ խորհուրդներ է տվել, գրում է Medic Forum-ը։
Կանոններից մեկը, որին բժիշկը խորհուրդ է տալիս հետեւել, նախաճաշի պարտադիր օգտագործումն է։ Բժշկի խոսքով՝ նախաճաշը «զարթուցիչ է օրգանիզմի համար», ուստի առավոտյան առաջին սնունդը պետք է պարտադիր լինի։ Առողջ սննդակարգի մեկ այլ կարեւոր կանոնը սնունդը մանրակրկիտ ծամելն է։
«Անհրաժեշտ է մանրակրկիտ ծամել սնունդը, որպեսզի այն հագեցվի թքով եւ դրանով իսկ ապահովվի մարսողական գործընթացի մեկնարկը արդեն բերանի խոռոչում»,- ասել է բժիշկը։
Բացի այդ, ըստ Մյասնիկովի, սննդակարգում պետք է ամեն օր թարմ բանջարեղենով եւ կանաչիով աղցան լինի։
Բժիշկն ասել է, որ ինքն էլ է նման սովորության հետեւում՝ ամեն օր բանջարեղենով աղցան է պատրաստում եւ դրա մեջ արեւածաղկի չզտված ձեթ է օգտագործում։
Բժիշկը հիշեցրել է, որ օգտագործվող աղի քանակի վերահսկումը միշտ օգնում է սնունդն ավելի առողջ դարձնել։
«Մի չարաշահեք աղը, որպես այլընտրանք օգտագործեք համեմունքներ՝ պղպեղ, կիտրոնի հյութ»,- խորհուրդ է տվել Մյասնիկովը։
Ամփոփելով՝ նա նշել է, որ օգտագործվող սնունդն ու խմիչքը պետք է նորմալ ջերմաստիճան ունենան։
«Սնունդը չպետք է տհաճություն պատճառի ստամոքսին եւ աղիներին, այլ կերպ ասած՝ պետք է նորմալ ջերմաստիճանի սնունդ եւ խմիչք օգտագործել։ Հակառակ դեպքում կերակրափողի քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է»,- պարզաբանել է փորձագետը։