Յեյլի համալսարանի հանրային առողջապահության դպրոցի կենսավիճակագիրները մշակել են մաթեմատիկական մոդել, որը թույլ է տալիս հաշվարկել տարբեր գործոնների համամասնությունը քաղցկեղի 24 տեսակների զարգացման մեջ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Biology And Evolution ամսագրում։
Հետազոտողները հաշվի են առել ինչպես շրջակա միջավայրի ազդեցությունը, այնպես էլ հայտնի գենետիկ մուտացիաները՝ հնարավորություն ստանալով գնահատել յուրաքանչյուր հայտնի գործոնի ներդրումը։ Նրանք եկել են այն եզրակացության, որ արտաքին պատճառները մեծ դեր են խաղում մելանոմայի եւ միզապարկի քաղցկեղի զարգացման մեջ, սակայն շագանակագեղձի քաղցկեղը եւ գլիոման հիմնականում պայմանավորված են տարիքի հետ կապված ներքին գործընթացներով, հայտնում է «Газета.Ру»-ն:
Այս մոդելը բժիշկներին կարող է թույլ տալ գնահատել պացինետների մոտ քաղցկեղի այս կամ այն տեսակների զարգացման ռիսկերը եւ ժամանակին խորհրդատվություններ տալ նրանց: Այս մոտեցումը կարելի է նաեւ ավելի մեծ մասշտաբով օգտագործել՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը քաղցկեղի կանխարգելման ռազմավարություններ մշակելիս։
Հանրային առողջապահության միջոցառումները, որոնք ուղղված են խուսափելու ռիսկի գործոնների ազդեցությունները նվազագույնի հասցնելուն, կարող են մեղմել հիվանդության ծանրությունը՝ կանխելով մուտացիաների կուտակումը, որոնք ուղղակիորեն նպաստում են քաղցկեղի զարգացմանը, նշել են գիտնականները: