Ավելորդ վիսցերալ ճարպի ամենաակնհայտ պատճառները
Advertisement 1000 x 90

Ավելորդ վիսցերալ ճարպի ամենաակնհայտ պատճառները

Տարիքի հետ նիհարելն ավելի դժվար է դառնում, հատկապես որովայնի հատվածում։ Միեւնույն ժամանակ, որովայնի ճարպը կարող է լուրջ վտանգներ ներկայացնել առողջության համար, գրում է Eat This, Not That!-ը։

Johns Hopkins Medicine-ի տվյալներով՝ վիսցերալ ճարպի պատճառով առողջական խնդիրների առաջացման հավանականությունն ավելի մեծ է, եթե կնոջ գոտկատեղի շրջագիծը գերազանցում է 88,9 սանտիմետրը, կամ տղամարդունը՝ 101,6 սանտիմետրը:

Վիսցերալ ճարպի №1 պատճառը ոչ ճիշտ սնունդն է, հատկապես շաքարի, վերամշակված մթերքների եւ պարզ ածխաջրերի (որոնք օրգանիզմը արագ վերածում է շաքարի) բարձր պարունակությամբ: Սա հանգեցնում է քաշի ավելացման, որը հաճախ դժվար է կորցնել հատկապես որովայնի հատվածում:

Եթե դուք չափից շատ եք ուտում եւ շատ քիչ եք սպորտով զբաղվում, ամենայն հավանականությամբ, ավելորդ քաշ կունենաք, այդ թվում՝ որովայնի ճարպ, զգուշացնում է Մայո կլինիկան: Տարիքի հետ մկանային զանգվածը փոքր-ինչ նվազում է, իսկ ճարպայինը՝ ավելանում։ Վիսցերալ ճարպի դեմ պայքարելու համար պետք է պարբերաբար սպորտով զբաղվել:

Մասնագետները նկատել են, որ սթրեսի բարձր մակարդակ եւ սթրեսը հաղթահարելու վատ հմտություններ ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ է որովայնի հատվածում ճարպ կուտակվում։ Կորտիզոլի արտազատումը կարող է բացատրել սթրեսի եւ որովայնի ճարպի բաշխման միջեւ կապը: Որովայնի ճարպակալումը հոգեբանական սթրեսի եւ կորտիզոլի շատ արտազատման հետեւանք կարող է լինել:

2021 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ կեսգիշերին կամ ավելի ուշ քնելու պառկող մարդկանց մոտ որովայնի ճարպակալման վտանգը 20 տոկոսով ավելի բարձր է: Ռիսկը նույնիսկ ավելի բարձր՝ 38 տոկոս է այն մարդկանց մոտ, որոնք պառկում են քնելու առավոտյան ժամը 2-ից 6-ը: Գիտնականները ենթադրում են, որ ուշ քնելը կարող է խախտել ցիրկադային ռիթմերը՝ ստիպելով օրգանիզմին ավելի շատ կորտիզոլ արտադրել:

BMJ Open ամսագրում հրապարակված վերլուծությունը հստակ ցույց է տվել, որ ծխելը հանգեցնում է որովայնի ճարպի ավելացման։ Մարդիկ սովորաբար կարծում են, որ ծխելուց հրաժարվելը հանգեցնում է քաշի ավելացման: Դա իսկապես այդպես է, քանի որ ծխելը ճնշում է սովի զգացումը, իսկ ծխելուց հրաժարվելը առաջացնում է ախորժակի բարձրացում եւ քաշի ավելացում։

news.am