Մեծ քանակությամբ ձուկ, ներառյալ թունա եւ ոչ տապակած ձուկ օգտագործելը կապված է չարորակ մելանոմայի առաջացման ռիսկի հետ, ասվում է ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության շրջանում կատարված հետազոտության մեջ, որը հրապարակվել է Cancer Causes & Control ամսագրում:
Բրաունի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ համեմատած նրանց հետ, ովքեր օրական միջինը 3,2 գրամ ձուկ են օգտագործում, չարորակ մելանոմայի զարգացման վտանգը 22 տոկոսով բարձր է նրանց մոտ, ովքեր միջինը օրական 42,8 գրամ են օգտագործում:
Նրանք նաեւ պարզել են, որ մաշկի միայն արտաքին շերտում անոմալ բջիջների առաջացման վտանգը, որը հայտնի է որպես 0 փուլի մելանոմա, 28 տոկոսով ավելի բարձր է նրանց մոտ, ովքեր օրական միջինը 42,8 գրամ ձուկ են օգտագործում, համեմատած նրանց հետ, ովքեր 3,2 գրամ են օգտագործում։ Ձկան մեկ բաժինը մոտավորապես 140 գրամ պատրաստած ձուկ է:
Ձուկ օգտագործելու եւ մելանոմայի ռիսկի միջեւ կապը ուսումնասիրելու համար հեղինակները վերլուծել են 491,367 անձանց տվյալները, որոնք հավաքագրվել են ԱՄՆ-ի ամբողջ տարածքից՝ 1995-1996 թվականներին NIH-AARP Diet and Health Study հետազոտության շրջանակներում: Մասնակիցները, որոնց միջին տարիքը 62 է եղել, հայտնել են, թե նախորդ տարվա ընթացքում որքան հաճախ են կերել տապակած ձուկ, ոչ տապակած ձուկ եւ թունա, ինչպես նաեւ՝ չափաբաժինները:
Հետազոտողները հաշվարկել են մելանոմայի նոր դեպքերի հաճախականությունը 15 տարվա միջին ժամանակահատվածում՝ օգտագործելով քաղցկեղի գրանցամատյաններից ստացված տվյալները: Նրանք հաշվի են առել սոցիալ-ժողովրդագրական գործոնները, ինչպես նաեւ մասնակիցների մարմնի զանգվածի ինդեքսը, ֆիզիկական ակտիվության մակարդակը, ծխելու պատմությունը, ալկոհոլի, կոֆեինի եւ կալորիաների օրական օգտագործումը, քաղցկեղի ընտանեկան պատմությունը եւ իրենց տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման միջին մակարդակը: Հետազոտության ընթացքում 5034 մասնակիցների մոտ (1,0 տոկոս) չարորակ մելանոմա է զարգացել, իսկ 3284-ի մոտ (0,7 տոկս)՝ 0 փուլի մելանոմա:
Հետազոտողները պարզել են, որ ոչ տապակած ձկան եւ թունայի ավելի շատ օգտագործումը կապված է չարորակ մելանոմայի եւ 0 փուլի մելանոմայի զարգացման ռիսկի հետ: Նրանք, ովքեր օրական միջինը 14,2 գրամ են օգտագործել, ունեցել են չարորակ մելանոմայի զարգացման 20 տոկոսով ավելի եւ 0 փուլի մելանոմայի զարգացման 17 տոկոսով ավելի ռիսկ, քան նրանք, ովքեր օրական միջինը 0,3 գրամ թունա են օգտագործել։