Սուրբ սրտի կաթոլիկ համալսարանի գիտնականների կատարած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 3-5 տարեկան երեխաների մոտ, որոնք ավելի շատ են օգտագործել գերվերամշակված մթերքներ, հենաշարժողական ապարատի հմտություններն ավելի վատ են եղել, քան այն երեխաների մոտ, որոնք ավելի քիչ են նման մթերքներ օգտագործել։ Հետազոտությունը նաեւ ցույց է տվել 12-15 տարեկան երեխաների մոտ սիրտ-անոթային պատրաստվածության ավելի ցածր մակարդակ այն դեպքում, երբ նրանք ավելի շատ քանակությամբ գերվերամշակված մթերքներ են օգտագործել, գրել է News Medical Life Scienes-ը։
Սա առաջին հետազոտություններից մեկն է, որը ցույց է տվել կապը այդ մթերքների օգտագործման եւ երեխաների ֆիզիկական պատրաստվածության ավելի ցածր մակարդակի միջեւ։
Հետազոտությունում գերվերամշակված մթերքների շարքին են դասվել փաթեթավորված նախուտեստները, չոր նախաճաշերը, կոնֆետները, գազավորված ջրերը, քաղցր հյութերը եւ յոգուրտները, պահածոյացված ապուրները եւ ֆասթֆուդը։
2012թ. իրականացված հետազոտությունում օգտագործվել են հարցազրույցներ եւ ֆիթնես-թեստեր 3-15 տարեկան ամերիկացի 1 500 երեխաների ֆիզիկական ակտիվության, ֆիզիկական պատրաստվածության աստիճանի եւ սննդի օգտագործման մասին տվյալների հավաքման համար։
Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հենաշարժողական ապարատի ամենացածր ցուցանիշներ ունեցող երեխաներն օրական 273 կալորիայով ավելի շատ ուլտրավերամշակված մթերքներ են օգտագործել, քան հենաշարժողական ապարատի զարգացման ամենաբարձր ցուցանիշներ ունեցող երեխաները։