Տնական փախլավա
Advertisement 1000 x 90

Տնական փախլավա

Բաղադրամասեր

Խմորի համար՝ կաթ – 75 մլ, խմորիչ – 3գր, շաքարավազ – 3 գր, ալյուր – 250 գր, ձու – 1 հատ, աղ – 1/4 թ/գդ, թթվասեր – 75 գր, կարագ – 25 գր,

Միջուկի համար՝ ընկույզ – 130 գր, դարչին – 1/2 թ/գդ (աղացած), շաքարի փոշի – 125 գր,

Օշարակի համար՝ ջուր – 50 մլ, մեղր – 75 գր,

Վրան քսելու և դնելու համար՝ կարագ – 60գր, ընկույզ – 50գր, ձու – 1/2 հատ

Պատրաստման եղանակը

Տարայի մեջ խառնում ենք կաթը, խմորիչը և շաքարավազը։ 10 րոպե հանգիստ ենք թողնում։ Մեկ այլ տարայի մեջ խառնում ենք ալյուրը, հալեցրած սերուցքային կարագը, ձուն, թթվասերը և աղը։ Այդ զանգվածը թեթևակի խառնում ենք։

Այնուհետև ավելացնում ենք հասունացած խմորիչը և փափուկ խմոր ենք հունցում։ Խմորը թողնում ենք տարայի մեջ, սրբիչով ծածկում ենք և 1,5 ժամով տաք տեղ դնում։ Այդ ընթացքում պատրաստում ենք ընկուզային միջուկը։

Ընկույզը ջեռոցում բովում ենք, այնուհետև բլենդերով մանրացնում։ Ավելացնում ենք շաքարի փոշին, դարչինը և լավ խառնում ենք։ Հասունացած խմորը բաժանում ենք 13 հավասար մասերի, որից երկուսը միացնում ենք իրար։ Այսինքն ստանում ենք 11 հավասար մասեր և մեկ մեծ մաս։ Մեծ խմորը 1 մմ հաստությամբ շերտով բացում ենք և դնում բուսայուղով պատված ձևամանի մեջ:

Հալեցնում ենք կարագը (մոտ 2 թ/գդ) և քսում շերտի վրա։ Վրան դնում ենք հաջորդ շերտը։ Շերտը կարագով պատում ենք և վրան լցնում միջուկի 1/10 մասը։ Այդ նույն գործողությունը 9 անգամ կրկնում ենք։ Նկարի վրա տեսնում ենք 10-րդ շերտը` յուղով պատված և վրան ընկուզային միջուկ։ Սա վերջին շերտն է, որի վրա պետք է միջուկ լինի։ Այդ շերտի վրա դնում ենք ևս մեկ շերտ և վրան կարագ ենք քսում։

Ձևամանի պատերին կպած խմորը կտրում ենք`թողնելով մոտ 2 սմ։ Կողքերի խմորը բերում ենք խմորի վրա։ Ծայրերը պատում ենք հարած ձվով։ Վրայից դնում ենք վերջին շերտը և պատում մնացած ձվով։ Այժմ մեր փախլավան շեղանկյունաձև կտրատում ենք(մինչև վերջ չենք կտրում խմորը, որ միջուկը մեջը մնա)։ Յուրաքանչյուր շեղանկյան վրա դնում ենք 1 հատ ընկույզ։

Ընկույզը մի քիչ պետք է խմորի մեջ սեղմենք, որպեսզի թխվելու ընթացքում խմորը չշերտավորվի։ Թխում ենք 15 րոպե 180 աստիճանում։ Հալեցրած կարագը լցնում ենք փախլավայի վրա(կպած հատվածները դանակով կտրում ենք, և այդ անցքերով կարագ լցնում)։ Կարագի մի մասը վերևից ենք լցնում։ Այնուհետև 25 րոպեով փախլավան կրկին ջեռոցն ենք տեղափոխում ։ Այդ ընթացքում պատրաստում ենք մեղրով օշարակը։

Մեղրի վրա տաք ջուր ենք լցնում և այնքան խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։ Փախլավան հանում ենք ջեռոցից և վրան լցնում պատրաստած օշարակի 1/3 մասը։

Ինչպես կարագի դեպքում այստեղ նույնպես, մեղրի մի մասը լցնում ենք վրայից, մյուս մասը լցնում ենք անցքերի մեջ։ Փախլավան 10 րոպեով նորից տեղափոխում ենք ջեռոցը։ Թողնում ենք փախլավան սառչի։

Այնուհետև հանում ենք ձևամանից ,մինչև վերջ կտրում և յուրաքանչյուր շեղանկյունը 2-3 վայրկյանով թաթախում մնացած մեղրով օշարակի մեջ։ 15-20 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև համտեսում։ Բարի ախորժակ: