Xiaomi-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Լեյ Ջունը օգոստոսին կներկայացնի ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենայի նախատիպը, հայտնում է Arena EV պորտալը։ Xiaomi-ի ղեկավարը հոգ է տանում, որ նախագիծը ընթանա՝ ըստ պլանի։
Նշվում է, որ նախատիպի շնորհանդեսից հետո կսկսվեն ճանապարհային փորձարկումները, այդ թվում՝ ավտոմեքենայի առաջին ձմեռային փորձարկումը։ Էլեկտրական ավտոմեքենայի մշակման հետևում կանգնած թիմը Շանհայում տեղակայված HVST Automobile Design-ի մի մասն է, որը նաև աշխատել է Weltmeister Maven կոնցեպտ ավտոմեքենայի վրա:
Հայտնի է, որ Xiaomi-ն պատրաստվում է թողարկել իր ավտոմոբիլային ապրանքանիշը և արդեն վարձել է հասարակայնության հետ կապերի տնօրեն: Նոր ապրանքանիշի մարքեթինգային արշավը կմեկնարկի նախատիպի բացահայտումից հետո։
Անցյալ տարի Xiaomi-ն 10 միլիարդ դոլար հատկացրեց իր ավտոմոբիլային ստորաբաժանման զարգացման համար: Xiaomi-ի ավտոմեքենաների արտադրության գործարանը կկառուցվի Յիժուանգում, որտեղ ընկերությունը կունենա նաև հետազոտությունների և զարգացման կենտրոն։ Սպասվող արտադրական հզորությունը կկազմի տարեկան 300 000 մեքենա։
Սակայն սկզբնական փուլում տարեկան կարտադրվի մոտ 150 հազար ավտոմեքենա, իսկ առաջին մոդելները վաճառքի կհանվեն 2024 թվականին։ Ավտոմոբիլային բաժնի R&D թիմն այժմ ունի ավելի քան հազար աշխատակից և շարունակում է աճել: Առայժմ ընկերությունը նախատեսում է թողարկել 4 տարբեր մոդելներ։ Դրանք կարժենան 150-300 հազար յուան (մոտավորապես 7- 15 միլիոն դրամ):