Հզորացնելով ցանցը․ նոր նախադեպ և հնարավորություն Ջավախքի երիտասարդների համար
Advertisement 1000 x 90

Հզորացնելով ցանցը․ նոր նախադեպ և հնարավորություն Ջավախքի երիտասարդների համար

«Էսթերոքս» ընկերությունը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, «Awesome Foundation Javakhk»-ը, «Հզոր Միտք»-ի հետ համատեղ հուլիսի 9-ին միջոցառում անցկացրեցին Ջավախքում` Ախալքալաք քաղաքում։

Միջոցառումը նախատեսված էր Հայաստանի ու Ջավախքի 14-20 երիտասարդների համար, որոնք մասնակցելով միջոցառմանը` հնարավորություն ունեցան ձեռք բերել գիտելիքներ, ընկերներ, ծանոթություններ, նոր գաղափարներ, շփում հյուրերի և համայնքի երիտասարդների հետ։ Սա առաջին դեպքը չէ, որ տարբեր մարզերի երեխաները օֆլայնանում են․ հունվարի 29-ին իրականացված «Հզոր համայնք» միջոցառումը Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և Ջավախքից մեկ հարկի տակ էր հավաքել 440 երիտասարդների և ոլորտի 40-ից ավելի առաջատարների։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան բանախոսություններ՝ մեդիագրագիտության, ստեղծարար մտածողության, մասնագիտական կողմնորոշման և համոզունքների և ժամանակի կառավարման մասին։

Միջոցառումը միավորեց թվով 210 ջավախքցի երիտասարդների, տարբեր ոլորտների 30 մասնագետներին, ինչպես նաև «Հզոր մտքի» ակտիվ անդամներին մեկ նպատակի շուրջ։ Կազմակերպիչները նշում են, որ միջոցառումը Հայաստանի և Ջավախքի ակտիվ երիտասարդների միավորման համար դարձավ ևս մեկ կարևոր քայլ։ «Շնորհիվ մեր գաղափարակից ընկերների՝ երեկ երիտասարները նոր գաղափարներ, նոր մտքեր գեներացրեցին, որոնք կդառնան իրականություն և կնպաստեն՝ ինչպես համայնքի զարգացմանը, այնպես էլ՝ համայնքի երիտասարդների ակտիվացմանը»։

«Հզոր մտքի» անդամ Նինա Շահմուրադյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մասնակիցների զգալի մասը Ջավախքից էին։

«Կային մոտ 30 տարբեր ոլորտի մասնագետներ, ովքեր կիսվում էին իրենց փորձով։ Խոսնակները խոսում էին ստեղծարար մտածողությունից և մեր համոզմունքներից՝ ինչպես են մեր համոզմունքներն անդրադառնում մեր գործերի վրա։ Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Մարիամ Միրզախանյանն Արցախից, ով պատմել է հենց իր բիզնեսի և դրա հաջողության մասին, որպես մոտիվացիա մյուս մասնակիցներին։ Մասնակիցների ծանոթությունը կազմակերպվել է խաղի միջոցով՝ երեխաները պետք է գտնեին այնպիսի մարդկանց, ում հետ ունեն 5 ընդհանրություններ, հոբբիներ, գույներ և այլն։ Երեխաները պետք է ծանոթանային որքան հնարավոր է շատ մարդկանց հետ, և ամենաշատ ծանոթություններ հաստատած երեք մասնակիցները մրցանակներ ստացան։

Միջոցառման վերջում շատ կարևոր էր այն, որ սովորեցինք ազգային պարեր, և բոլոր մասնակիցները պարում էին մեզ հետ։ Միջոցառման ժամանակ շատ ակտիվ էին Ջավախքի երիտասարդները և շատ արդյունավետ նեթվորք են ունեցել։ Մեր նպատակն էր նաև Ջավախքում մեր ցանցն ուժեղացնելը և հզորացնելը, և այնպես անել, որ Ջավախքի և Հայաստանի երիտասարդների կապը ուժեղանար և ավելի ամրանար։ Շատերը ճանաչում էին իրար օնլայն, բայց այս օֆլայնացումը շատ կարևոր էր՝ երիտասարդները իրական կյանքում տեսան իրար, ընկերներ ձեռք բերեցին ու ամրապնդեցին իրենց կապերը։ Միջոցառումից այնքան դրական էներգիա ու մոտիվացիա եմ ստացել, որ չգիտեմ՝ որտեղ տեղավորեմ։ Իսկական հզոր միջոցառում, որը վստահաբար ամուր հիմքեր կստեղծի Ջավախքի համայնքներում՝ էլ ավելի ակտիվանալու, հզորանալու ու զարգանալու»։

«Ուսնաողի տան» հիմնադիր Մհեր Մկրտչյանը նշեց, որ այս միջոցառումը հիմք դրեց հզոր ցանցի ստեղծմանն ու ամրապնդմանը։

«Մեծ միջոցառում արեցինք Ջավախքում` հիմք դնելով մեր Հզորի ցանցի ստեղծմանն ու ամրապնդմանը։ 210 մասնակիցներ, շուրջ 30 հյուրեր հավաքվել էին Ախալքալաքում։ Ունեցանք սեմինարներ Դավիթ Մկոյանի, Նարեկ Ալեքսանյանի, Խաչատուր Գրիգորյանի կողմից, շատ ակտիվ նեթվորքինգ էրեխեքի ու հյուրերի միջև, օրն էլ եզրափակեցինք ազգային պարեր սովորելով: Ախալքալաքում սա մի նոր նախադեպ էր, նոր ֆորմատ, նոր մասշտաբ, բայց սա դեռ միայն սկիզբն է։ Կաշխատենք, որ հաջորդ ակտիվությունները Ջավախքում կազմակերպվեն հենց Ջավախքի երիտասարդների նախաձեռնությամբ։ Հզորանում ենք, ծավալները ու ցանցը մեծանում են, պատասխանատվությունը՝ ահռելի դառնում, բայց առաջ ենք գնում միասին։ Փոփոխությունները սկսվում են մեր՝ այսօրվա արած քայլերից»։

 «Ուսանողի տան» համակարգող թիմի անդամ Ստելլա Ավետիքյանի խոսքով՝ իրենք գնացել էին հզոր համայնք անելու։

«Ազդեցության մասին կասեմ, որ թե՛ անհատական մակարդակում, թե՛ ընդհանրական կունենանք արդյունք` անհատների աճի, ուժեղացման ու համայնք ստանալու տեսքով։ Սա Ջավախքի օֆլայնացման ու Ջավախքի` որպես մեկ միավոր ձևավորման սկիզբն ա (ասել է թե` Ջավախքի ներսում էլ ենք կապեր սկսում ստեղծել, համայնք ձևավորենք)։

Կարևոր եմ համարում ֆիքսել, որ Ջավախքի երեխաները ջիգյարով, շփվող են, եթե նույնիսկ ամաչող են, միևնույն ա, սրտաբաց են ու շատ էֆեկտիվ նեթվորքինգ ա եղել միմյանց միջև»։

Սիրարփի Աղաբաբյան