Խորհուրդներ մանկաբույժից՝ ձմռանը նորածինների և մինչև 3 տարեկան երեխաների խնամքի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Խորհուրդներ մանկաբույժից՝ ձմռանը նորածինների և մինչև 3 տարեկան երեխաների խնամքի մասին. life.panorama.am

Նորածիններին ու առհասարակ փոքրիկներին առողջ մեծացնելու գրավականը ճիշտ խնամքն է, որը հաճախ խախտվում է մայրիկների կողմից:
Ինչպե՞ս ձմռանը ճիշտ կազմակերպել նորածինների խնամքը, վարակներից խուսափելու համար հատկապես ինչի՞ն ուշադրություն դարձնել ու օրգանիզմը ի՞նչ տեսակ սնունդով հարստացնել. նշված հարցերի պատասխանները Life.panorama.am-ը պարզել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Մանկական բաժանմունքի ավագ բժշկուհի Կարինե Թադևոսյանից:

«Հայ մայրիկները շատ հաճախ խուսափում են ձմռանը զբոսանքների դուրս գալ իրենց փոքրիկների հետ, ինչը շատ սխալ է: Կյանքի առաջին տասը օրից հետո ամենօրյա զբոսանքները, մաքուր օդը երեխայի համար պարտադիր է: Նորածիններին կարելի է տանից դուրս հանել` սկզբում մեկ րոպե պահելով դրսում, ապա աստիճանաբար օր օրի ավելացնելով տևողությունը` հասցնել մինչև 1-2 ժամ: Մայրիկներին թվում է, թե իրենց բալիկը կմրսի դրսում, բայց մենք շատ հաճախ բերում ենք Ռուսաստանի օրինակը, որտեղ մեր երկրի համեմատությամբ կրկնակի ցուրտ եղանակ է, սակայն նրանք չեն դադարում իրենց բալիկներին զբոսանքների տանել: Հարկավոր է պարզապես բալիկին եղանակին համապատասխան հագցնել: Այս առումով պետք է նաև շեշտեմ, որ չափից ավելին էլ պետք չէ հագուստներով խեղդել փոքրիներին: Եթե տանը 18-21 աստիճան ջերմություն կա, ապա երեխային հագուստով ծանրաբեռնել չի կարելի»,- նշեց մանկաբույժը:

Մասնագետի խոսքով` մայրիկները պետք է պարտադիր նաև չկրճատեն  նորածինների լոգանքները.

«Մինչև մեկ տարեկան երեխաների խնամքի մեջ պետք է պարտադիր ներառել լոգանքները. ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը հարկավոր է ամեն օր լողացնել փոքրիկներին»,- շեշտց բժշկուհին:

Սննդակարգին անցնելով` Կարինե Թադևոսյանը նշեց, որ փոքրիկներին հարկավոր է բանջարեղենով հարուստ ապուրներ կերակրել.

«Ճիշտ է` ձմռանը մի փոքր ավելի դժվար է, սակայն պարտադիր է, որպեսզի բանջարեղենի օգտագործումը շարունակական լինի: Այս պարագայում կարելի է պատրաստել բորշիկներ, կամ ծաղկակաղամբով ճաշիկներ: Ձմռանը և առհասարակ բոլոր եղանակներին  վեց ամսականից հետո օգտակար են բրինձը, սպիտակաձավարը և հնդկաձավարը: Իսկ ինչ վերաբերվում է մինչև երեք տարեկան երեխաներին, նրանք արդեն ընդհանուր սեղանից են օգտվում, սակայն պետք է այս պարագայում չափը պահպանել, նաև հետևել, որպեսզի բացառենք տապակած սնունդը, կոնֆետները, խանութում վաճառվող բնական հյութերը և արհեստական բիսկվիթները: Նման սնունդի օգտագործման արդյունքում ընկնում է երեխաների իմունիտետը, արդյունքում նրանք ավելի հաճախ են հիվանդանում: Նման սնունդը նաև աղիքային ինֆեկցիաների պատճառ են դառնում»,- ընդգծեց մանկաբույժը:

Ամբողջությամբ՝ life.panorama.am