Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը տարիներ շարունակ տեսախցիկի միջոցով աշխարհին է ներկայացնում Հայաստանն ու հայերի ժառանգությունը:
Լուսանկարիչն անդրադառնում է ոչ միայն Հայաստանին, այլև այն երկրներին, որոնք այս կամ այլ ժամանակահատվածում անմիջական կապ են ունեցել հայերի հետ:
Անտուան Ագուջյանի լուսանկարներում մարդու տառապանքն է, ցավը, սերն ու հավատն առ Աստված: Ինքը՝ հեղինակը, խոստովանում է, որ իր աշխատանքները դյուրամարս չեն, սակայն յուրաքանչյուր լուսանկարում կա լույս, քանի որ հայերն էությամբ ուրախ ժողովուրդ են:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անտուան Ագուջյանը պատմել է լուսանկարչության կարևորության, 1988 թվականի երկրաշարժի, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կատարած աշխատանքի, ինչպես նաև «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» խորագրով ցուցահանդեսի մասին, որն ընդգրկում է հեղինակի 30-ամյա որոնումները և հետագծում է հայկական հիշողությունը, որն Ագուջյանը ժառանգել է Հայոց ցեղասպանությունից փրկված ծնողներից:
Նա պատմում է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերնդին է պատկանում: Անտուան Ագուջյանը ծնվել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում, որը համեմատում է հայկական փոքր գյուղի հետ, քանի որ քաղաքում շատ են հայերը, ինչի արդյունքում Ագուջյանը մանկուց յուրացրել է հայկական ավանդույթները, երգն ու պարը: «Քաղաքում հայկական պարախմբեր կային, և ես հիշում եմ, որ հայրս ինձ պարի էր տանում: Երբ պարում ես, կարող ես պատկերացնել, որ ապրում ես Արևմտյան Հայաստանում: Մեծացել եմ հայկական մթնոլորտում ու ծանոթացել եմ հայկական ժառանգությանը: Մեծ հայրս զինվոր է եղել Հայոց ցեղասպանության ընթացքում և մեծ թվով հայերի է փրկել: Ինձ վրա ազդել է այդ ամենը»,-հիշում է լուսանկարիչն ու հավելում, որ իրենց ցնցել են թուրք դեսպանների դեմ հայերի մահափորձերը, որոնց դեմ են եղել, բայց գիտակցել են, որ այդ գործողությունների արդյունքում բարձրաձայնվում է Հայոց ցեղասպանության խնդիրը: Օտարները հարցրել են, թե ինչի՞ համար են պայքարում հայերը, և հայկական համայնքների ներկայացուցիչները սկսել են պատմել Հայոց ցեղասպանության մասին:
Ամբողջությամբ՝ armenpress.am