Պանիրն օգտակար մթերք է, բայց դրա չարաշահումը կարող է գլխացավ եւ այլ բացասական հետեւանքներ առաջացնել։ Այս մասին նախազգուշացրել է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան (Ռուսաստան)։
Իր Telegram-ալիքում մասնագետը նշել է, որ չափավոր քանակությամբ պանիրը շատ օգտակար է. այն հարուստ է կալցիումով եւ ճարպերով, ինչպես նաեւ սպիտակուցով, բայց այդ մթերքը չարժե որպես պրոտեինի հիմնական աղբյուր օգտագործել բարձր կալորիականության պատճառով։
Մասնագետը կոչ է արել չգայթակղվել պանրով, հատկապես հասուն մարդկանց, նաեւ այն պատճառով, որ այն կարող է գլխացավ առաջացնել, քանի որ տիրամին անունը կրող նյութ է պարունակում։
«Այն առաջանում է երկար պահվող մթերքներում, հատկապես շատ է բոլոր տեսակի բորբոսով պանիրների, չեդերի, պարմեզանի, անգամ մոցարելայի մեջ։ Տիրամին կա նաեւ կարմիր գինու, ձիթապտղի, ընկույզների, ավոկադոյի մեջ»,- ասել է Պավլովան։
Մասնագետի խոսքով՝ միգրենի հակում ունեցող մարդիկ դասական համադրության՝ պանրով ափսեի եւ ընկույզների ու խաղողի եւ գինու օգտագործման դեպքում անպայման կունենան ուժեղ գլխացավ, որը նման կլինի «գլխին արձակված կրակոցի»։
Գլխացավից բացի՝ պանրի օգտագործումը կարող է առաջացնել նաեւ քրտնարտադրություն, ուժեղ սրտխփոց եւ սրտի ցավ, վերջույթների դող եւ տհաճ այլ ախտանշաններ։
Էնդոկրինոլոգը նաեւ հիշեցրել է, որ պանրի գրեթե կեսը յուղ է, ուստի այն արգելված է տալ ընտանի կենդանիներին։
«Ես չէի ցանկանա, որպեսզի դուք իմ խոսքերն ընկալեիք որպես այդ մթերքի օգտագործման արգելք։ Ճաշակեք այն, բայց չափավոր, անպայման լսեք ձեր օրգանիզմին եւ հաշվի առեք կուլ տված ճարպ-սպիտակուց-ածխաջրերը»,- ամփոփել է Պավլովան։