Մաշկային հիվանդությամբ ամերիկացին հաջողության է հասել մոդելային բիզնեսում, չնայած շրջապատի կողմից ծաղրուծանակի ենթարկվելուն: Նրա պատմությունը ներկյացրել է Daily Mail-ը:
Նյու Յորքի Փիքսկիլ քաղաքի 40-ամյա բնակիչ Ջեյմս ՄաքԼեոդը պատմել է, որ բժիշկներն իր մոտ վիտիլիգո են ախտորոշել վաղ տարիքում, և այդ ժամանակվանից ծաղրուծանակի է ենթարկվում անծանոթների կողմից։ Տղամարդու խոսքով՝ մարդիկ սկսել են ծաղրել սպիտակ կետերը, որոնք ծածկում են նրա մարմնի մեծ մասը։
«Մանկության տարիներին ինձ անվանում էին զեբր, կով և այլ վիրավորական խոսքեր։ Ինձ համար ցավալի էր գիտակցել, որ ես նման չեմ բոլորին։ Բացի այդ, մարդիկ անընդհատ հարցնում էին, թե ինչ է պատահել իմ դեմքին: Ես ամեն օր լաց էի լինում, երբ տուն էի գնում»,- խոստովանել է նյութի հերոսը և հավելել, որ հիվանդությունը բացասաբար է անդրադարձել իր ինքնագնահատականի վրա։
Այնուամենայնիվ, ի վերջո, ՄաքԼեոդը որոշել է չտրվել քննադատություններին և դարձել է մոդել, չնայած իր անսովոր արտաքինին: Նշվում է, որ ամերիկացին արդեն հասցրել է մասնակցել CR Fashion Book ամսագրի նկարահանումներին, ինչպես նաև հանդես գալ որպես այնպիսի ապրանքանիշերի դեմք, ինչպիսիք են Bodybuilding.com-ը և Soul Cycle-ը։
«Ուրախ եմ, որ արտաքինն այլևս չի որոշում իմ ճակատագիրը։ Հիշեք, որ գլխավորը հոգին է, այլ ոչ թե մարմնի կամ դեմքի որևէ հատկանիշ: Սիրիր այն, ինչ կա մարդու ներսում, ոչ թե դրսում: Եվ երբեք մի հանձնվիր քո նպատակին հասնելու ճանապարհին»,- եզրափակել է նա: