Ավստրալիայի օնկոլոգիական խորհրդի եւ Սիդնեյի համալսարանի հետ Դաֆոդիլի կենտրոնի համատեղ իրականացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ճարպակալման հետ կապված օնկոլոգիական հիվանդությունների մակարդակն Ավստրալիայում 1983-2017թթ. գրեթե քառակի բարձրացել է, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ կիրառել ճարպակալման դեմ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Regional Health-Western Pacific ամսագրում։
Հետազոտողներն ուսումնասիրել են Ավստրալիայում քաղցկեղի 10 տեսակներով հիվանդացության 35-ամյա ցուցանիշները, որոնք, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Քաղցկեղի ուսումնասիրման համաշխարհային հիմնադրամի եզրահանգումների համաձայն, կապված են ճարպակալման հետ։ Ուսումնասիրվել են աղիների, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, կաթնագեղձի (կանանց մոտ դաշտանադադարից հետո), արգանդի, ձվարանների, երիկամների եւ վահանաձեւ գեղձի քաղցկեղները, ինչպես նաեւ բազմակի միելոման։
Ավագ գիտաշխատող եւ հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Էլեոնորա Ֆելետոն նշել է, որ հետազոտության ընթացքում պարզվել է, որ քաղցկեղային հիվանդություններով (որոնք կապ ունեն ավելորդ քաշի եւ ճարպակալման հետ) հիվանդացությունը մոտ երեք անգամ ավելի բարձր է երիտասարդների շրջանում, նրանց համեմատ, ովքեր ծնվել են 1940-ականների վերջին։
Քաղցկեղի այն տեսակներով հիվանդացությունը, որոնք սերտորեն կապված են ճարպակալման հետ, 1983-2017թթ. ավելացել է սպառնալից արագությամբ։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել ճարպակալման հետ կապված քաղցկեղով հիվանդացության կտրուկ աճ այն մարդկանց շրջանում, որոնք ծնվել են 1960-ից հետո, երբ ճարպակալման մակարդակն Ավստրալիայում սկսել է զգալիորեն աճել։
Ճարպակալման հետ կապված քաղցկեղի տարածված տեսակները՝ աղիների քաղցկեղն, օրինակ, եռակի ավելացել է ավելի երիտասարդների շրջանում, մինչդեռ լյարդի, երիկամների, արգանդի, վահանաձեւ գեղձի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ավելի քիչ տարածված ձեւերը նույն, եթե ոչ՝ ավելի բարձր, աճ են գրանցել։
«Ընդհանուր առմամբ, 35 տարիների ընթացքում ախտորոշվել է քաղցկեղի ավելի քան 1 մլն դեպք, որոնք հաստատված կապ ունեն ճարպակալման հետ»,- նշել է դոկտոր Ֆելետոն։