Որքանո՞վ է իրական միջին տարիքի ճգնաժամը
Advertisement 1000 x 90

Որքանո՞վ է իրական միջին տարիքի ճգնաժամը

Հետազոտողները հավաստիացրել են, որ «միջին տարիքի ճգնաժամ» գոյություն ունի. նրանք ուսումնասիրել են տխրահռչակ ճգնաժամը՝ բոլոր տարիքային խմբերի հազարավոր մարդկանց տվյալների հիման վրա, գրել է Daily Mail-ը։

Պարզվել է, որ սթրեսն աշխատավայրում գագաթնակետին է հասնում մոտ 45 տարեկանում, ընդ որում՝ մարդիկ իրենց «գերծանրաբեռնված են զգում իրենց աշխատավայրում»։

Անքնության, գլխացավերի, տագնապի եւ դեպրեսիայի ցուցանիշները նույնպես ավելացել են այն ժամանակ, երբ մարդիկ հասել են միջին տարիքի «ահավոր» շեմին։

Գիտնականները «տագնապալի պարադոքս» են անվանել այն, որ այդ զգացողություններն առաջանում են այն նույն ժամանակ, երբ մարդիկ տեսականորեն պետք է ավելի երջանիկ լինեին, երբ աշխատավարձը սովորաբար ամենաբարձրն է, իսկ առողջությունըդեռ  գրեթե չի տուժել։

Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ այս երեւույթի համար մասամբ կարելի է մեղադրել մարդկանց, որոնք կարծում են, որ իրենք չեն հասել իրենց կարեւոր կենսական նպատակներին։

Նրանք հերքել են այն գաղափարը, որ դրանում մեղավոր են երեխաները, քանի որ տվյալները ցույց են տալիս, որ ե՛ւ ծնողները, ե՛ւ անզավակ մեծահասակները 40-50 տարեկանում միջին տարիքի նույն անկումն են զգում։

Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի հրապարակած հետազոտությունում գիտնականները հավաքել են հազարավոր մարդկանց տվյալներն այնպիսի երկրներից, ինչպիսին են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ավստրալիան։

Առողջության եւ բարեկեցության մասին գրառումները հավաքվել են մի քանի տասնամյակների ընթացքում։

Պարզվել է, որ միջին տարիքի մարդիկ երկու անգամ ավելի հաճախ են ենթարկվում դեպրեսիայի, քան 60-ից բարձր եւ 25-ից ցածր տարիքի մարդիկ։

Պարզվել է նաեւ, որ ինքնասպանությունների ռիսկը հասնում է գագաթնակետին մոտավորապես 50 տարեկանում, չնայած հեղինակները նշել են, որ կանանց դեպքում դա փոքր-ինչ ավելի շուտ է տեղի ունենում, քան տղամարդկանց։

Քնի խանգարումների հետ կապված հոսպիտալացումների թիվը նույնպես գագաթնակետին է հասնում 50-ից հետո, իսկ միջին տարիքի մարդիկ տեղեկացնում են գիշերը քնի ժամերի ամենացածր քանակի մասին՝ անգամ այն մարդկանց շրջանում, որոնք երեխաներ չունեն։

18 000 մեծահասակների շրջանում իրականացված մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ ահավոր գլխացավերի մասին տեղեկությունները, որոնք դեպրեսիայի եւ տագնապի ցուցիչներ են, հասնում են գագաթնակետին նույնպես միջին տարիքում։

news.am