53-ամյա Ջին Փրայսը՝ բրիտանական Մերայսայդի Լիզոու քաղաքից, մեկ տարվա ընթացքում նիհարել է 44 կիլոգրամով եւ անճանաչելիորեն փոխվել, հայտնում է Liverpool Echo-ն։
Նա տառապում էր բրոնխեկտազից՝ մեծ բրոնխների ընդլայնում եւ դեստրուկցիա: Առողջական խնդիրների եւ հորը խնամելու անհրաժեշտության պատճառով կինն անընդհատ ծանր սթրես էր տանում եւ, որպես սփոփանք, ուտում էր։
Շուտով Փրայսի մոտ 2-րդ տիպի շաքարախտ էր ախտորոշվել։ Որոշ ժամանակ առաջ 50 տարեկանում շաքարախտի հետ կապված բարդություններից մահացել էր կնոջ եղբայրը։ Դրանից հետո նա որոշեցլ էր վերահսկել իր քաշը եւ նիհարել։
Փրայսը փորձել էր բոլոր հնարավոր դիետաները: Բժիշկը նրան նույնիսկ նիհարելու համար դեղահաբեր էր նշանակել, սակայն կարճ հաջողությունից հետո նա էլ ավելի էր գիրավել։ Կինը փորձել էր դիետաներ պահել, սակայն սովի մշտական զգացումի պատճառով արագ հրաժարվել էր դրանցից։
«Ի վերջո, ես որոշեցի դիմել բժշկի եւ բարիատրիկ վիրահատություն անել»,- պատմել է բրիտանուհին։ Վիրահատությանը սպասելիս կինն ընկել էր սեփական տան մուտքի դիմաց եւ չէր կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել։ Նա տեղի ունեցածի մասին պատմել էր ընկերուհուն, որն էլ նրան խորհուրդ էր տվել դիմել ծրագրի նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։ Ընկերոջ հետ բրիտանուհին գրանցվել էր ծրագրում եւ վեց ամիս անց նիհարել 31 կիլոգրամով։ Բարիատրիկ վիրահատության կարիք այլեւս չկար։
Նիհարելով՝ Փրայսը սկսել է զբաղվել այնպիսի բաներով, որոնց մասին նախկինում չէր էլ կարող երազել. նա թռել է օդապարիկով եւ սովորել պարել կաբարե ոճով։ Նա ընդգծել է, որ պետք է ոչ այնքան նվազեցնել օգտագործվող սննդի քանակը, որքան ընդհանրապես փոխել ապրելակերպը։
Այժմ նա ինքն է նիհարել ցանկացողների խմբի ղեկավար դարձել։ «Խոսքը միայն ճիշտ սնվելու, այլ իմիջ թերապիայի եւ քաշի կորստի հոգեբանության մասին է»,- ասել է նա: