2022 թվականի օգոստոսին Գերմանիայում սկսեցին աշխատել ջրածնային էներգիայով աշխատող Coradia iLint հինգ գնացքներ։ Եվս ինը շուտով կաշխատեն Բրեմերվերդե-Ներքին Սաքսոնիա երթուղով։
Ջրածնային վառելիքով աշխատող գնացքները կարող են ամբողջ օրն աշխատել ջրածնի մեկ բաքի վրա և հաղթահարել մինչև 1000 կմ տարածություններ մինչև 140 կմժ արագությամբ: Նման գնացքները միայն գոլորշի և ջուր են արտանետում։
Բացի ջրածնի տանկերից, գնացքները համալրված են լիթիում-իոնային մարտկոցներով՝ լրացուցիչ էներգիա ստանալու համար։
Ջրածնային գնացքների լիցքավորման կայանը պատկանում է Linde քիմիական ընկերությանը և ունի 64 ջրածնի պահեստավորման բաք, վեց կոմպրեսոր և երկու պոմպ։ Ջրածնային գնացքներն ունեն նաև այն առավելությունը, որ, ի տարբերություն էլեկտրական մեքենաների, դրանք լիցքավորվում են նույնքան արագ, որքան, երբ գազով կամ դիզվառելիքով են աշխատում:
Բացի այդ, ջրածնային գնացքներն ավելի անաղմուկ են, քան ներքին այրման շարժիչների իրենց գործընկերները:
Եվրոպական երկրները նախատեսում են շարունակել անցումը ջրածնային գնացքներին։ Ֆրանկֆուրտն արդեն պատվիրել է 27 գնացք, Ֆրանսիան՝ 12, իսկ իտալական հյուսիսային Լոմբարդիան՝ 6։
Statista-ի տվյալներով՝ ջերմոցային գազերի 17%-ն արտադրվում է տրանսպորտային արդյունաբերության կողմից՝ զիջելով միայն էներգետիկ ոլորտին: Այս խնդրի լուծման ուղիներից մեկն էկոլոգիապես մաքուր վառելիքի, այդ թվում՝ ջրածնի օգտագործումն է: Ջրածնային վառելիքի մարտկոցներով աշխատող մեքենաներն արտանետում են միայն էկոլոգիապես մաքուր ջրային գոլորշի:
Ջրածնի առավելություններից են նրա վերականգնվողությունը, դրա արտադրության տարբեր և արդյունավետ մեթոդների առկայությունը, ինչպես հեղուկ, այնպես էլ գազային ձևով պահեստավորելու և տեղափոխելու ունակությունը: Բացի այդ, ջրածնային մեքենաները կարող են երկար տարածություններ անցնել առանց վառելիքի լիցքավորման, իսկ վառելիքը լիցքավորել կարճ ժամանակահատվածում:
Վառելիքի թերությունների թվում առանձնանում են բարձր արժեքը, տեղափոխման և պահպանման դժվարությունները, ինչպես նաև թթվածնի հետ շփման պայթյունավտանգությունը։ Բացի այդ, այսօր ջրածնի արտադրության ամենատարածված միջոցը դեռևս բնական գազից և ածուխից արդյունահանումն է, որոնց արդյունահանումը վնասակար է շրջակա միջավայրի համար:
Սիրարփի Աղաբաբյան