Հունաստանը պատմության ընթացքում միշտ էլ գրավիչ է եղել թե՛ իր պատմությամբ ու ճարտարապետությամբ, թե՛ մշակույթով ու խոհանոցով:
Հունական խոհանոցն առանձնանում է հատկապես հունական «Ֆետա» պանրով, ձիթապտուղով եւ պիտա հացով: Առանձնանում են նաեւ «Ձաձիքի» կոչվող նախուտեստը, գիրոսը եւ սուվլաքին:
Այսօր News.am STYLE-ը ձեզ է ներկայացնում նախաճաշ՝ հունական ոճով:
Նախաճաշի մասին խոսելիս հույները առանձնացնում են սեզոնային կանաչիներով, հատկապես սպանախով, պատրաստվող փայը (Epirot pies), մեղրով յոգուրտը, լոլիկով եւ խոզապուխտով «Քագիանաս» ձվածեղը՝ ֆետայի կտորներով, կարտոֆիլը: Հունաստանում նախաճաշին ընդունված է թարմ նարնջի հյութ խմել կամ թեյ՝ համադրելով տանը պատրաստված անուշների հետ:
Հույներին հատուկ է ձիթապտղով պատրաստված հացը, «Խուլուրի» կոչվող հացե օղակները, որոնք պատված են քունջութի սերմերով, «Բուգացա» անունով փայը, որն առանձնանում է պատրաստման եղանակով եւ տարածված է Սալոնիկում: