Հայկական սփյուռքն իր տարատեսակությամբ ու ընդարձակ աշխարհագրական ընդգրկումով շարունակական ուսումնասիրության կարիք ունի: Սփյուռքն ունի Հայաստանի կարիքը, եւ Հայաստանի համար էլ այն արտաքին աշխարհի հետ կապող, միացնող կարեւոր կամուրջ է:
Համաշխարհային հայության հետ աշխատանքում առանձնացնում եմ հինգ ուղղություններ.
1) հայկական ինքնության ամրապնդումը,
2) հայատյացության դեմ արդյունավետ ու շարունակական պայքարը,
3) Հայաստանում սփյուռքը ճանաչելի դարձնելը (գործառույթ, որը, կարելի է պնդել, շատ թերագնահատված է),
4) սփյուռքային (հայկականի հետ) կապ չպահպանող եւ միայն ծագումով հայերի շրջանում հայկական ինքնության արթնացման գծով աշխատանքները,
5) Հայաստան ֆիզիկապես վերադարձած (հայրենադարձված) հայերի ինտեգրացիային ուղղված աշխատանքը:
Որոշակի վստահությամբ կարելի է պնդել, որ Հայաստանի ու սփյուռքի միջեւ կա վստահության խնդիր: Գոյություն ունեցող անվստահության հիմքը միմյանց ոչ բավարար ճանաչելն է, եւ սա էլ իր հերթին միմյանցից ոչ իրատեսական ակնկալիքների արդյունք է: Սփյուռքը լավ ճանաչելը հայկական պետության կողմից նրան աջակցության կարեւոր նախապայման է: Իսկ սփյուռքը այդ աջակցությունն ունի հետագայում էլ պահպանվելու եւ ամրապնդվելու համար:
Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը եւ ինտերնետը գործնականում հասակակից են: Սա նշանակում է, որ 30-35 տարեկան եւ ավելի երիտասարդ մարդկանց համար ինտերնետը միշտ գոյություն է ունեցել: Միեւնույն ժամանակ, այդ տարիքի հայերի համար անկախ Հայաստանն էլ է միշտ գոյություն ունեցել եւ այլեւս բաղձալի երազանք չէ: Ընկալման տեսակետից սա կարեւոր հանգամանք է երիտասարդության շրջանում սփյուռքը որպես ցանց դիտելու եւ ոչ` որպես միմյանցից կտրված գաղութների հավաքածո:
Հայաստան պետության համար վճռական նշանակություն է ստանում Հայաստանի ընկալումը սփյուռքում` այն, որ աշխարհում յուրաքանչյուր հայ իրեն ընկալի որպես հայկական պետության ԴԱՇՆԱԿԻՑ, որ հայկական ինքնությունը կրելով ընկալի, որ իր եւ հայկական պետության շահերը համընկնում են: Նման պայմանը էլ ավելի կնպաստի, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը Հայաստանը իրենց պատկանելության տարածք ընկալեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am