Դաշտանադադարից հետո շատ կանանց մոտ զարգանում է ինսուլինակայունություն, ինչը հանգեցնում է ավելորդ քաշի արագ ավելացման և ճարպաշերտերի կուտակման: Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում հայտնել է Անտոն Պոլյակովը։
«Ավելորդ քաշի կուտակումը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների, այդ թվում զարկերակային ճնշման նվազման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման, արյան մեջ շաքարի բարձր մակարդակի հետևանքով արյունատար անոթների վնասման, ինչպես նաև քաղցկեղի զարգացման վտանգի բարձրացման»,- նախազգուշացրել է բժիշկը։
Պոլյակովի խոսքով՝ դաշտանադադարից հետո նման լուրջ խնդիրներից խուսափելու համար այդ տարիքի կանայք պետք է սահմանափակեն սննդամթերքի որոշակի տեսակների գործածությունը։ Նման դեպքերում կանանց խորհուրդ է տրվում հրաժարվել մեծ քանակությամբ քաղցրավենիքից և թխուկներից, ինչպես նաև սննդակարգից բացառել պիստակը, գետնանուշը և արևածաղկի ձեթը։ Բացի այդ, հարկավոր է խուսափել նաև խաղողի ու դեղձի չարաշահումից։
«Հաշվի առնելով տարիքային և հորմոնալ փոփոխությունները՝ խորհուրդ է տրվում սննդակարգում սահմանափակել կարմիր և վերամշակված մսի՝ երշիկեղենի, նրբերշիկների գործածությունը»,- նշել է Պոլյակովը։
Նա նաև հավելել է, որ դաշտանադադարից հետո կանայք պետք է իրենց սննդակարգը հարստացնեն օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող սննդամթերքի տեսակներով, որոնց շարքին են դասվում ձկնկիթը, ձուկն ու «վայրի» միսը։ Բացի այդ, շատ օգտակար կարող է լինել նաև ուտեստներին կտավատի և չիայի սերմեր ավելացնելը։