«2 ամիս շարունակ աշխատել ենք Օդրի Հեփբըրնի կերպարը ստեղծելու համար». Ալլա Սահակյան. tert.am
Advertisement 1000 x 90

«2 ամիս շարունակ աշխատել ենք Օդրի Հեփբըրնի կերպարը ստեղծելու համար». Ալլա Սահակյան. tert.am

Թատրոնի ու կինոյի դերասանուհի, երգչուհի, հագուստի մոդելավորող Ալլա Սահակյանը վերջերս իրականացրել է «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարով ֆոտոշարք և լուսանկարները վստահել Tert.am Life-ին՝ պատմելով գաղափարի, ընթացքի և ստեղծման մասին:

«Փոքր տարիքից սիրել եմ մոդելավորումը, իսկ թատրոնում աշխատելով միշտ կարևորել եմ, որ կերպարը, թե՛ վիզուալ, թե՛ արտաքին տեսանկյունից անթերի լինի: Հաճախ ինքս եմ կարել իմ բեմական հագուստը: Դպրոցական տարիների ընթացքում սովորել եմ որոշակի հմտություններ, բայց այս կերպարը ստեղծելիս չգիտեի՝ ինչպես ձեռնոց կարել և ինքնուրույն եմ սովորել»,- ասաց Ալլա Սահակյանը:

Խոսելով հենց Օդրիի կերպարի մասին նա նշեց, որ հենց այդ կերպարը եղել է շատ սիրելի և դետալային:

«Երբ մենք դեռահաս էինք ես հիշում էի, որ բոլորս անասելի ոգեշնչված էինք այդ կերպարով, իսկ երբ վերանայեցի ֆիլմը կերպարն ինձ համար դարձավ ոգեշնչման աղբյուր և սկսեցի մանրակրկիտ աշխատել կերպարի ուղղությամբ: Ես ստեղծել եմ կերպարը, բայց նորովի և ժամանակակից շնչով: Ամեն դետալ մտածված է. մարգարիտները, սանրվածքը, օղերն ու ձեռնոցները փորձել եմ ներդաշնակեցնել հենց ֆիլմի հերոսուհու հետ, բայց այդ ամենի հետ մեկտեղ նաև նոր երանգ տալ»,- ասաց մոդելավորողը:

Խոսելով ընթացքի մասին Ալլան նշեց, որ զբաղվածությամբ պայմանավորված աշխատանքը եղել է երկարաժամկետ:

«Քանի որ իմ աշխատանքային գրաֆիկը խիստ զբաղված է, ես փորձել եմ այդ ամենի հետ համատեղ ստանալ այս կերպարը, իսկ ընդհանուր կերպարը շատ դետալային էր և պետք էր մանրակրկիտ աշխատել: Ընդհանուր տևել է 2 ամիս, նաև մեկ օր հատկացրել ենք բուն նկարահանումներին, որոնք մեծամասամբ դրսում էին՝ գրավելով մարդկանց ուշադրությունը, քանի որ նրանց հետաքրքիր էր՝ ինչ է կատարվում»,- նշեց Ալլա Սահակյանը:


Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան

Լուսանկարներ՝ Խանդութ Պարույրյան 

tert.am