Լեհաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է ռուս աբստրակտ նկարիչ Վասիլի Կանդինսկու «Անվերնագիր» կտավի հայտնաբերման մասին, որը ստեղծվել է 1928 թվականին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նկարը հայտնաբերվել է Բեռլինի Grisebach աճուրդում։ Աշխատանքը մուրճի տակ է անցել գրեթե 390 հազար եվրոյով։ Լեհաստանը հայտնել է, որ նկարը գողացվել է Վարշավայի Ազգային թանգարանից 1984 թվականին: Երկրի իշխանությունները դեմ են եղել նկարն աճուրդի հանելուն և ներկայումս սպառնում են իրավական միջոցներ ձեռնարկել՝ կատարվածը պարզելու համար:
Նկարի հակառակ կողմում կա լեհական թանգարանի կնիք, սակայն առցանց աճուրդի կատալոգում նշվում է, որ աշխատանքը Կանդինսկու ծննդյան նվերն է կոլեկցիոներ Օտտո Ռալֆսին և գտնվել է Բրաունշվեյգում մինչև 1940 թվականը: Ըստ կատալոգի տեղեկությունների՝ աբստրակցիան 1965-1983 թվականներին պահվել է Ազգային թանգարանում, իսկ 1988 թվականին այն ներառվել է ԱՄՆ-ի արվեստի գործերի մասնավոր հավաքածուում։ 1988 թվականին նկարը գնվել է Մյունխենի Թոմաս պատկերասրահից մասնավոր անձի կողմից։
Պատրաստեց Անի Գաբուզյանը