Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հեպատերազմյան ժամանակահատվածում Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանը 5 հարձակում է իրականացրել, որի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն առավելապես մեծ հաջողություններ է ունեցել հատկապես այն հատվածներում, որ ուղղությամբ բարդ ենթակառուցվածքներ է ունեցել։
Օրինակ՝ Փառուխի (Արցախ) ուղղությամբ ավելի մեծ հնարավորություններ է ունեցել առաջանալու, քան Կութական, Ներքին շորժա, Իշխանասար, Ջերմուկ, Սև լիճ, բայց 2 տարվա ընթացքում բարդ լեռնային հատվածում, որտեղ տարվա կեսը նաև ծանր եղանակային պայմաններ են՝ պլանավորել և հարձակում է իրականացրել։
Ավելին, նշածս ուղղություններով, Հայաստանը ամրանալու, պաշտպանական համակարգ ստեղծելու և ամենակարևորը՝ մատակարարումների մի քանի անգամ ավելի մեծ հնարավորություն ուներ, քան Ադրբեջանը։
Այստեղ մեծ առումով խնդիրը միայն ադրբեջանական ԱԹՍ-ների առավելությունը չի, որի մասին այդքան խոսվում է, ոչ էլ նույնիսկ լեռնային պայմաններում գործելու հնարավորություն ունեցող ադրբեջանական ստորաբաժանումները, խնդիրը Հայաստանի իշխանության կազմակերպված անկազմակերպվածության մեջ է։
Ադրբեջանը 2 տարում լուրջ ռեսուրսներ է դրել Քարվաճառ-Քաշաթաղ հատվածում հիմնական, պահեստային ճանապարհներ կառուցելու/վերակառուցելու, զորամասեր, ռազմական ենթակառուցվածքներ հիմնելու համար ու որքան էլ դա նպաստել է նրանց հաջողություններին մեկ է՝ դրանց նշածս հատվածներում, ոչ մեծ ուժերով կարելի էր ջարդել ու թույլ չտալ առաջանալ։
Առաջնագծի տարբեր ուղղություններում՝ Արտանիշից մինչև Ներքին Հանդ, մեր զինծառայողների, առանձին ստորաբաժանումների բազմաթիվ խիզախությունների մասին եմ լսել ու տեսել։
Այնպես չէ, որ մեր մարտիկները մոռացել են, թե ինչպես են մարտ վարում, հաղթում, խնդիրը նրանց թիկունքում պետության բացակայության մասին է։
Նորմալ իշխանության, պետության ներկայության պայմաններում կարելի է կազմակերպվել, աշխատել, ուժեղանալ ու հաջող պաշտպանվել։