Փետրվարի 14-ի՝ սիրահարների տոնի, ռոմանտիկ երեկոն կարող է էլ ավելի գայթակղիչ դառնալ սեփական ձեռքերով պատրաստված կոկտեյլների շնորհիվ: NEWS.am STYLE-ը բարմեն Սեւա Չիստովի եւ «Cantaloupe pub»-ի հետ առաջարկում է երեք կոկտեյլ։ Դրանք հեշտ են պատրաստվում, հիանալի համ ունեն եւ կօգնեն ձեզ երեկոն դարձնել ավելի դյութիչ ու սիրառատ:
The Kiss
Ի դեպ, անվանումը Սեւան կոկտեյլը պատրաստելուց հետո հնարեց։ Ինչպես նշեց բարմենը, սա ներկայացված կոկտեյլներից ամենաթույլն է։ Հրաշալի տարբերակ՝ սիրելիին «կոկտեյլային համբույր» պարգեւելու համար։
Բաղադրության մեջ մտնում են՝ ջին, կամպարի, կարամելային օշարակ, լիմոնի ֆրեշ եւ լոռամրգի հյութ։
Mojo
Ավելի թունդ կոկտեյլների սիրահարներին առաջարկում ենք համտեսել Mojo-ն։ Այն առաջին կոկտեյլից տարբերվում է ինչպես ավելի մուգ երանգով, այնպես էլ՝ համային զգալի հատկանիշներով։ Դրա պատրաստման համար անհրաժեշտ է ջին, կարմիր վերմուտ, սեւ հաղարջի օշարակ, լիմոն, ալոեի հյութ։
Desert
Անապատ՝ այսպես է անվանվում երրորդ կոկտեյլը։ Ինչպես նշեց ռուս բարմենը՝ իր մոտ ցանկացած կոկտեյլ, սովորաբար, կարմիր տեսք է ստանում, քանի որ նախընտրում է օգտագործել հենց այդ երանգի բաղադրիչներ, սակայն այս մեկը տարբերվեց գունային գամմայով ու բաղադրությամբ։ Այս «անապատային» կոկտեյլը եւս կարող եք համտեսել Կանտալուպում՝ Սեւայի հմուտ մատուցմամբ։
Բաղադրիչները հետեւյալն են՝ ռոմ, կարամելի սպիտակ եւ սեւ օշարակներ, մարակույայի օշարակ, նարնջի ու անանասի հյութեր, լիմոն։
Իհարկե, դժվար կլինի ընտրություն կատարել երեք տարբեր ախորժաբեր կոկտեյլների միջեւ։
Հուսանք՝ մեր ֆոտոռեպորտաժը կօգնի ավելի հեշտ կողմնորոշվել այդ հարցում։ Համբույրից մինչեւ Անապատ՝ կոկտեյլների պատրաստման եղանակները՝ NEWS.am STYLE-ի տեսանյութում։