Գիտնականները սև խոռոչներում գտել են վակուումային էներգիա, որ նպաստում է տիեզերքի ընդլայնմանը
Advertisement 1000 x 90

Գիտնականները սև խոռոչներում գտել են վակուումային էներգիա, որ նպաստում է տիեզերքի ընդլայնմանը

Գիտնականների միջազգային թիմը պնդում է, որ լուծել է աստղաֆիզիկայի ամենադժվար առեղծվածներից մեկը՝ առանց անպայմանորեն լրացնելու գոյություն ունեցող մոդելները. ըստ նրա հետազոտության՝ սև խոռոչները կարող են պարունակել էներգիայի տարօրինակ ձև՝ վակուումային էներգիա, որն արագացնում է տիեզերքի ընդլայնումը։

Ինչպես տեղեկացնում է Newatlas.com-ը, գիտնականները Տիեզերքի ընդլայնման մասին գիտեն դեռ անցյալ դարի քսանականներից, սակայն մի քանի տասնամյակ ենթադրվում էր, որ գրավիտացիոն ուժերի ազդեցության տակ այս գործընթացը պետք է դանդաղի:

Սակայն 1990-ականներին աստղագետները, Hubble տիեզերական աստղադիտակի կիրառման շնորհիվ հայտնաբերեցին, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը. որքան հեռու է օբյեկտը, այնքան ավելի արագ է այն հեռանում մեզանից, ինչը նշանակում է, որ տիեզերքի ընդլայնումը ժամանակի ընթացքում արագանում է:

Այդ պատճառով այդ ժամանակվա մոդելների մեջ մտցվեց «մութ էներգիա» հասկացությունը, որն ստիպում է առարկաներին վանել միմյանց։ Այս էներգիայի նշանները գիտնականները փնտրում են ամենուր, և նոր հետազոտության շրջանակում պարզ է դարձել, որ այն կարող է թաքնված լինել սև խոռոչների ներսում:

Վակուումային էներգիա

Պարզվում է, որ վակուումը լիովին դատարկ չէ. պատահական տատանումներից առաջանում է այսպես կոչված վակուումային էներգիա, որը կարող է աշխատել գրավիտացիոն ուժերի դեմ և ազդել տիեզերքի ընդլայնման վրա: Որոշ մոդելներ ենթադրում են, որ վակուումային էներգիա կարելի է գտնել սև խոռոչներում, և գիտնականները պնդում են, որ նոր ուսումնասիրության մեջ դա հաստատվել է իրենց դիտարկումներով։

Այս թեզը հիմնավորելու համար գիտնականներն ուսումնասիրել են գերզանգվածային սև խոռոչների էվոլյուցիան գալակտիկաների կենտրոններում վերջին 9 միլիարդ տարիների ընթացքում: Նման սև խոռոչները զանգված են ստանում՝ կլանելով փոշի, գազ, աստղեր և այլ սև խոռոչներ, սակայն հսկա էլիպսաձև գալակտիկաներում, որոնց գազն ու փոշին վերջացել են, դրանց աճը պետք է դադարած լիներ։

Այնուամենայնիվ, հեռավոր և մոտակա էլիպսաձև գալակտիկաների համեմատությունը ցույց է տվել, որ դրանց կենտրոնում գտնվող գերզանգվածային սև խոռոչները շարունակում են զանգված ստանալ որոշ այլ մեխանիզմների շնորհիվ: Եվ եթե դա վակուումային էներգիա է, ապա դրանք նպաստում են տիեզերքի ընդլայնմանը, մեծացնելով իրենց զանգվածը. այս գործընթացը անվանել են «տիեզերական կապ»:

Բեկում՝ աշխարհի գիտական ​​պատկերի ձևավորման գործում

Հետազոտության հեղինակները պնդում են, որ իրենց առաջարկած մոդելը չափազանց ճշգրիտ է. չի պահանջում նոր տարրերի ներմուծում գոյություն ունեցող մոդելներում, այլ առաջարկում է փակել առկա բացերը սև խոռոչներով, ինչպես կանխատեսում էր Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը:

Բացի դրանից, ներկայիս մոդելները ենթադրում են, որ սև խոռոչները պարունակում են այսպես կոչված սինգուլյարություն՝ կետ, որտեղ խախտվում են ֆիզիկայի օրենքները: Հետևաբար, դրանք նկարագրելու համար կա՛մ շրջանցող ինչ-որ լուծումներ են գտնում, կա՛մ ասում են, որ առկա մոդելները թերի են։

Եթե ​​սև խոռոչներն իրոք պարունակում են վակուումային էներգիա, ապա սինգուլյարությունները այլևս անհրաժեշտ չեն, և դա կարող է մեծ բեկում դառնալ աշխարհի գիտական ​​պատկերի ձևավորման գործում: Սակայն նոր մոդելի հաստատումը կպահանջի հետագա հետազոտություն և դիտարկումներ:

tribune.am