Զավեշտալի է, երբ ամեն հայկականի, նույնիսկ Հայաստանի Հանրապետության հանդեպ հավակնություններ ունեցող Ադրբեջան կոչվող կազմավորման մեջ արհեստածին և հակասական է գրեթե ամեն ինչ։
Բերեմ մի քանի օրինակներ. այս կամ այն երկրի տարածքը «Արևմտյան, «Հյուսիսային» կամ «Հարավային Ադրբեջան» է կոչում մի երկիր, որն իր անվանումն իսկ յուրացրել է իրանական հինավուրց երկրամաս Ատրպատականից՝ սկսած միայն 1918թ.-ից։
Բաքվի բարբարոսական վարչախումբն «ադրբեջանական գրականության դասական» է հռչակում պարսից գրականության գագաթներից Նիզամիին՝ համարելով, որ եթե նա ծնվել է Գանձակում, իսկ այդ քաղաքն այսօր Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման տարածքում է, ապա Նիզամին, իբր, «ադրբեջանցի» է։
Միևնույն ժամանակ «ադրբեջանական գրականության դասական» է հռչակված Ֆիզուլին, որը ծնվել է Իրաքում և սերում է թուրքմենական բայաթ ցեղից, մինչդեռ, ըստ վերոնշյալ «տրամաբանության», Ֆիզուլին պետք է համարվեր իրաքցի դասական։
Ադրբեջանցիները թուրքերի հետ միասին պաշտոնապես հռչակվել են «մեկ ազգ», բայց պնդում են, որ առաջինների նախնիները մի «վարկածում», իբր, աղվաններն են, մյուսում՝ մարերը։ Արդյո՞ք թուրքերն էլ աղվանների կամ մարերի իբրև թե ժառանգներն են։ Իհարկե ոչ։
Եթե Բաքվում հավակնում են, Երևանի նախկին խանության տարածքին ապա պետք է նույնպիսի տարածքային հավակնություն ներկայացնեն Թուրքիային, նույն այդ խանության Սուրմառիի (աղճատված՝ Սուրմալու) մահալի կապակցությամբ:
Երբ Բաքվում պահանջում են Իրանի, իբր, «հարավային ադրբեջանցիների» լեզվական իրավունքների ապահովում, ապա նույն պահանջը պետք է հնչի Թուրքիայի նկատմամբ, դիցուք, Իգդիրում ադրբեջանցիների լեզվական իրավունքների վերաբերյալ։
Բայց ու՞մ է այս ամենը հուզում Բաքվում, երբ առաջնայինը լկտիությունն է և սուտը։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից